Tert.am-ը գրում է.
ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այսօր մասնակցում էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոների առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպված տոնական միջոցառմանը՝ լրագրողների հետ զրույցում խոսեց նաև կառավարության նոր ծրագրից՝ նշելով, որ անելու են հնարավորինը, որպեսզի նոր Կառավարության ծրագիրը հնարավորինս լինի իրատեսական, ինչպես նաև ստեղծել հավասար դաշտ, որպեսզի յուրաքանչյուր ներդրող հասկանա, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են լինելու:
«Առաջինը՝ ծրագրում իրականացվող փոփոխությունները չեն լինելու ինքնանպատակ, մենք աշխատելու ենք, որպեսզի հնարավորինս լինի իրատեսական, և մեզ համար շատ կարևոր է ասել այն, ինչ կարող ենք անել: Մենք մեծ փոփոխություններ չենք ակնկալում, քանի որ հիմա քննարկումների փուլում է, բայց ես նորից եմ ուզում ասել, որ հստակեցվելու է ծրագրում բոլոր դրույթները, և իմ նպատակն է, որպեսզի ծրագրում այն, ինչ արտացոլվի, իրականացվի»,-ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը նկատեց, թե իրենք այսօր այլևս չեն կարող դանդաղել. «Պետք է փորձենք հնարավորինս մեր ժողովրդի, մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծել: Իհարկե, դա բոլորին է հայտնի, որ միանգամից չենք կարող, չունենք կախարդական փայտիկը, որ բոլոր խնդիրներին տանք լուծում, բայց պետք է տանք ժամանակ, և հանրությունը պետք է հասկանա, որ այդ ծրագիրը պետք է իրականացվի»։
Վարչապետ համաձայնեց, որ կառավարության նկատմամբ կա անվստահության մթնոլորտ, բայց դա, ըստ նրա, չի նշանակում, որ իրենք չեն փորձելու իրենց ծրագրերով վստահության մակարդակը բարձրացնել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



