Հայաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն առաջին անգամ պատմել է, թե ինչպես է Վանո Սիրադեղյանին ճանապարհել Հայաստանից:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուրեն Սիրունյանը նշել է, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանը լքել է 12 տարի առաջ, 2000թ–ի ապրիլի 3-4-ին: Սուրեն Սիրունյանը խոստովանեց, որ անձամբ է ճանապարհել նրան:

«Դեռ ապրիլի 3-ին, Սիրադեղյանը միայնակ նստել է Հայոց Համազգային շարժման շենքի առաջ և բոլոր ընկերներին անձամբ ճանապարհել է և ոչ ոք չի իմացել, որ նա հաջորդ օրը Հայաստանում չի լինելու: Անձամբ ես էլ չգիտեի: Ինչպես որ կարգն է, նրան երկու մեքենայով ճանապարհել են տուն: Վանո Սիրադեղյանին երկու մեքենայով էին ուղեկցում, բայց խնդրեց, որ երկրորդ մեքենան չճանապարհի:

Հասնելով տուն, նա անմիջապես նստեց իմ մեքենան: Այդ պահին ևս նրա տունը վերահսկվում էր: Այնպես ենք արել, որ այդ մեքենաները մեզ չվերահսկեն: Սիրադեղյանին թողնելով իքս հատվածում վերադարձել եմ տուն և այդ օրվանից հետո նա այլևս Հայաստանում չի եղել»,- մանրամասնեց Սուրեն Սիրունյանը:

Անդրադառնալով Վանո Սիրադեղյանի վերադարձի համար Ֆեյսբուքում սկսված շարժմանը՝ Սիրունյանը վստահություն հայտնեց, որ այդ շարժումը տալու է իր արդյունքը, քանի որ կա դրա պահանջը:

Նրա խոսքերով՝ տարիներ ի վեր ինքն իր ընկերների հետ պայքարել է Վանո Սիրադեղյանի վերադարձի համար, քանի որ կարծում են, որ երկրում առկա պակասը նրա վերադարձով պետք է լցվի:

Նյութը՝ Emedia.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել