Պուտինը փոխում է ուկրաինական սցենարըPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցներին հետաձգել երկրի հարավ-արևելյան շրջանների կարգավիճակի շուրջ մայիսի 11-ին նախատեսված հանրաքվեն: Նա նաև նշել է, թե մայիսի 25-ի արտահերթ նախագահական ընտրությունները «ճիշտ ուղղությամբ արվող քայլ են»: Բացի այդ, Պուտինի խոսքով՝ ռուսական զորքերը հետ են քաշվել ռուս-ուկրաինական սահմանից: 

Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո Պուտինի այս հայտարարությունները էականորեն տարբերվում են մինչ այդ արված ավելի կոշտ շեշտադրումներից (տես տեսանյութը):

«Կիևի իշխանությունների և Ուկրաինայի հարավ-արևելքի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսությունը հակամարտության կարգավորման առանքցային տարրն է: Այդ երկխոսության պարտադիր պայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն ինչպես զինված ուժերի մասնակցությամբ, ինչը բացարձակապես անընդունելի է ժամանակից աշխարհում, այնպես էլ անօրինական զինված խմբավորումների մասնակցությամբ»,- նշել է Պուտինը:

Միաժամանակ նա շեշտել է, որ մայիսի 25-ի համապետական ընտրությունների անցկացումն ինքնին ճիշտ քայլ է, սակայն, ՌԴ նախագահի համոզմամբ, դրանք ոչինչ չեն լուծի, եթե երկրի հարավ-արևելքի բնակիչները համոզված չլինեն, որ իրենց իրավունքների պաշտպանությունը կերաշխավորվի: Պուտինը կոչ է արել Կիևին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի հարավ-արևելքում «պատժիչ գործողությունները», ինչի համատեքստում էլ միաժամանակ կոչ արել հարավ-արևելքի ակտիվիստներին հետաձգել հանրաքվեի անցկացումը, որպեսզի այդ համաուկրաինական երկխոսության համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն:

Պուտինի հայտարարության արձագանքները

Ռուսաստանի ղեկավարի հայտարարության արձագանքներն Արևմուտքում դրական են, սակայն զգուշավոր և կասկածամիտ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, թե Պուտինի հայտարարությունը «օգտակար է» Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու տեսանկյունից: Միաժամանակ նա այդքանը բավարար չի համարել՝ կոչ անելով Ռուսաստանին ազդել Ուկրաինայում ռուսամետ զինված ակտիվիստների վրա, որպեսզի ապահովվի մայիսի 25-ի ընտրությունների անցկացման անվտանգությունը:

Փսակին անօրինական է համարել Ուկրաինայի հարավ-արևելքում հանրաքվեի անցկացումն ընդհանրապես, քանի որ, ըստ նրա, դա չի արվում Ուկրաինիայի իշխանությունների համաձայնությամբ: Ավելի կտրուկ է արտահայտվել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը, ում խոսքով՝ Ուկրաինայում տարածաշրջանների կարգավիճակի շուրջ հանրաքվեն ոչ թե պետք է հետաձգվի, այլ չեղյալ հայտարարվի: 

Պուտինի հայտարարությունը շատ ավելի լավատեսական ըմբռնում է ստացել Եվրամիությունում: Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունն արտահայտում է Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու պատրաստակամության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել