Նրանք,ոտաբոբիկ,անլվա,փալաս շորերով, ամեն օր գալիս են աղբանոց պլաստմասե ու կապրոնե շշեր, տոպրակներ, , կենցաղային տարբեր տեսակի իրեր, հագուստի լոսկուտներ, ավտոմեքենաների հին, մաշված անվադողեր, փոշոտ ու կեղտոտ բազկաթոռներ, անձրեւանոցներ…հավաքելու, ոմանք՝ պղինձ, ալյումին ու երկաթ, որը վաճառում են իրենց ամենօրյա հացի գումարը վաստակելու համար:
Շատերը հենց այստեղ էլ ապրում են, ստվարաթղթե արկղերից,հին շորերից ու փտած փայտերից պատրաստված ծածկերի տակ:
Բաժանվել են խմբերի:
Ամեն մի խումբ ունի իր աղբակույտը,սահմանը,որը Աստված մի արասցե եթե խախտվում է մի այլ խմբի կողմից:
Սովորել են գարշահոտությանը:
Երբ օրվա ընթացքում ինչ որ մեքենա-մեխանիզմ դատարկում է Երեւանի օրվա հերթական աղբը, աղբանոցում փնտրտուքները մտնում են աշխատանքային ռիթմի մեջ, նոր բան գտնելու հույսերը` մեծանում:
* * *
Աղբանոցի քարերից մեկի վրա նստած է մի ծերունի:
Դեմքի կնճիռները կարծես աշխարհի գետերի քարտեզն է:
Հոգին քրքրված,պատառոտված – կարծես Շապուհի հրոսակներն են անցել,ճանապարհին ավերելով ինչ պատահի:
Շորերը նույն վիճակի:
Կողքի աղբակույտն իրենն է:
Շատ պայքարեց հենց այդ աղբակույտի համար,(բերված Աջափնյակ համայնքից)որ աղբանոցի մնացած “բնակիչները” այդտեղ ոչինչ չփնտրեն:
Քնում է աղբանոցի հարևանությամբ գտնվող գերեզմանոցում,մի մեծ կարմիր տուֆից հին,շատ հին տապանաքարի վրա:
Արդեն տասներկուերորդ օրն է,որ ծերուկն է միայն քրքրում ու չի թողնում որ այդ կույտը լրացվի աղբատարների նոր բերված աղբով:
Նա չէր հավաքում ոչինչ,միայն փնտրում էր
Ամեն աստծո օր հերթով հիշում էր Առաքյալներին- օրը մեկին::
Հիշեց բոլորին,ուղիղ տասներկու… չգտավ ինչ որ փնտրում էր:
Ինչ է փնտրում,ոչ ոք չգիտի:
Ծերուկին չեն նեղացնում,ուղղակի մեկ մեկ նայում են ու անհասկանալի բարձրացնում ուսերը:
Նեղում են թերևս միայն աղբանոցում աղբատար մեքենաների ելք ու մուտքից, անընդհատ օդ բարձրացող փոշուց ու տարածվող աղբի գարշահոտությունից երկինք թռչող աղբակույտերին հավաքված ճայերը:
Բայց ծերունին նրանցից չի նեղանում,թող կերակրվեն:
* * *
Պատերազմից վերադարձավ հաղթածի կարգավիճակով,բայց հյուծված,հիվանդ,ավերակ սրտով:
Բայց ինչու ավերակ …սրտի մոտ ձախ ծոցագրպանում կնոջ վերջին նամակն էր, իր ներկա և անցյալ կյանքը կապող միակ բանը :
Դստերը փնտրեց երկար,հետո գտավ քաղաքի մանկատներից մեկում,կիսասոված,առանց մոր խնամքի ոտքի կանգնած,վայրենի հայացքով:
Մեծացրեց:Կրթեց:
Դուստրը`Նունեն, դարձավ բժշկուհի:
Ամուսնացավ,մի նախկին գյուղացի համակուրսեցու հետ:
Բնակվում էին իր տանը:
Կյանքն անիմաստ չէր, որ մոռացվեր:
* * *
_ Պապ,արթնացիր,խռմփացնում ես..
Աչքերը բացեց,իր Նունեն էր,իմաստն իր կյանքի:
- Հա,Նուն ջան,երեխային արթնացրի իմ խռմփոցով ?
- Չէ,պապ,կարող ես իջնել բակ,դե գնա քո համար զբաղվիր,դոմինո,նարդի..Արտակի ընկերներն են գալու,պաշտոնյա մարդիկ են,կարող է էլի մի բան ասես անցած անգամվա նման ու..դե գիտես էլի,Արտակի դուրը չի գալիս: Համ էլ աղբը կթափես:
Դաժանության մի դառը համ անցավ կոկորդով ու սահեց ներքև,այրեց ստամոքսն ու ստիպեց դեմքին ծռվել:
Անցած և էլի մի քանի անգամ արդեն իր տանը հավաքվող փեսայի ընկերները սովորություն են դարձրել հավաքվելու,քեֆ անելու:
Գործարարներ են,բանակի համար մատակարարում են,համազգեստ,կոշիկ,ալյումինե ափսեներ,դանակ-պատառաքաղ և այլն:
Թե իր մասնագիտությամբ բժիշկ փեսան ինչ գործ ուներ նրանց հետ,ինքը չէր հասկանում:
Չէր հասկանում նաև թե ինչպես մի քանի ամսում կիսասոված իր փեսան ավտոմեքենա գնեց,ադամանդե քարով մատանի Նունեի համար,ամառանոց ինչ որ գյուղում:
Չէր հասկացել թե ինչու երբ սիրտը վատացել էր ու ստիպված փեսայի մեքենայով էին տանում հիվանդանոց,փեսան ասաց որ ստիպված կլինի նստատեղերի պաստառները քիմմաքրման տալու:
Չէր հասկացել թե ինչու դստեր կորած մատանին փնտրելիս իր սենյակն էր տակնուվրա արած:
Շատ բան չէր հասկանում…
Իջավ բակ:
Հարևան Արտավազդը խաղում էր թոռան հետ,ավելի ճիշտ,թոռը վազում էր, Արտավազդը ուրախ գրկում,համբուրում,հետո բաց էր թողնում գրկից և նորից,նորից…ու չէին ձանձրանում ոչ թոռը,ոչ պապը:
Ինքն այդպես չէր կարող…հո թոռանը իր գրկելուց հետո քիմմաքրման չէին տանելու:
Աղբամանով մոտեցավ աղբարկղերին.<Ինչ զզվելի հոտ է>,մտածեց,թափեց աղբը,ու առանց շտապելու վերադարձավ բակ:
Անհոգ հասակակիցները բակում նարդի էին խաղում:
-Հը,Շահեն,էլի հյուրեր ունի փեսադ,էլի էս բեսեդկայում նստած ես քնելու մինչև կեսգիշեր..
-Ջահել են Հակոբ ջան,թող ազատ զգան իրենց էլի:
-Վայ քու մարդ ասողի…
Դե ինչ ձայն հաներ,նստեց:
Երբ բակից հեռացավ հյուրերի մեքենաներից վերջինը ,ծերունին կիսաքուն աչքերով դանդաղ շարժվեց տուն:
ՏՈւն,լավ է հնչում:
Դուռը կիսաբաց էր:
Ներսից ձայներ էին լսվում…
- Հորդ համար ընկերներս մի լավ սենյակ են գտել Նուբարաշենի ծերանոցում,որ մենակ չլինի ու ուրախ անցնի օրը,Նուն ջան…
* * *
Հասան Նուբարաշեն:
Ինքն էր,Նունեն ու մի ճամպրուկ:
Ընդունեցին լավ,սենյակն էլ երկտեղանոց էր,հարևանը խուլ ու համր մի ծերուկ:
-Լավ սենյակ է չէ, պապ,օրդ կանցի հաճելի,երբ ցանականս զանգես կգանք քեզ տեսնելու:Ճամպրուկում մաքուր շորեր են ու սպիտակեղեն:Ինչ ես ման գալիս ,պապ.
Ծերունին անհանգիստ քրքրում էր ճամպրուկը
-Ուր է….
-Ինչը պապ,շորերդ լվացել եմ,գրպաններում էլ ինչ զիբիլ-միբիլ կար թափել եմ:
Ծերունին անօգնական ընկավ մահճակալին:
Երեկոյան իմացավ թե որտեղ են թափում աղբը:
Աղբանոցում էլ իմացավ Աջափնյակից եկող աղբատար մեքենայի համարը:
* * *
Աղբանոցի քարերից մեկի վրա նստած է մի ծերունի:
Ամեն աստծո օր հերթով հիշում էր Առաքյալներին- օրը մեկին::
Հիշեց բոլորին,ուղիղ տասներկու…
Տասներկու օր:
Տասներկու Առաքյալ:
Նրա պղինձ դեմքը ոչինչ չէր ասում հոգու մասին:
Հանկարծ ծերունին հիշեց որ Տասներկուսից բացի առաքյալ է անվանվում նաև Պողոսը, ով ծանոթ է որպես 13-րդ առաքյալ:
<Փառքդ շատ,սուրբ Պողոս> դողդոջ շուրթերով մրմնջաց ծերունին ու նորից մոտեցավ աղբակույտին,Իր աղբակույտին,ու նորից սկսվեց դեռ 12 օր առաջ սկսված փնտրտուքը :
Ինչ է փնտրում,ոչ ոք չգիտի:
Մի 10-12 տարեկան կիսամերկ տղա,աղբանոցի բնակիչներից, հույսով նայում է ծերունուն,միգուցե այս անգամ կթողնի մոտենալ աղբակույտին:
Հանկարծ կարծես ծերունու մարմնով մի դող անցավ,թպրտաց մարմինը,կռացավ:
Կիսամերկ փոքրիկի աչքերն էլ տագնապեցին.”Տեսնես ինչ գտավ”:
Ծերունին աղբակույտից բարձրացրեց մի խունացաց կապույտ գույնի ծրար,դողացող մատներով բացեց ու հանեց տարիների ընթացքում ավելի խունացած մի նկար:
Համբուրեց,դրեց կրծքին ու դարձավ անկարող զսպելու այտերն ու վաղուց չսափրված դեմքը թրջող արցունքներին:
Նկարում Աշխենն էր – կինը, գրկած նորածին Նունեին:
- Մոտ արի տղաս,-արցունքների միջից ասաց ծերունին,
Այս աղբակույտը քոնն է,այսօրվանից դու ես տերը:
Փոքրիկն ուրախությունից թռչկոտեց ու վազեց բոլորին զգուշացնելու:
* * *
Ծերունին դանդաղ հեռացավ,ծրարը դրած ձախ ծոցագրպանում:
Երբ մոտեցավ այն տապանաքարին որի վրա արդեն 12 գիշեր էր անցկացրել ու չէր կարդացել թե ով է հանգուցյալը,մտքով անցավ անպայման կարդալ ննջեցյալի անունը.
Աստ հանգչի
Օրիօրդաց տան հօւանաւօր
Պօղօս Սիմօնի Գեղամեան
1824-1901 թ.թ.
Մութն ընկնում էր,ծերունին մեկնվեց տապանաքարին . “Մեռնեմ Զորությանդ” շշնջաց,ծրարը սեղմեց կրծքին,փակեց աչքերը:
Նա չգիտեր, որ երկու օր հետո կգտնեն իր դին,մորուքի մեջ խճճված մեղվին կքշեն,սառած մատների արանքից կհանեն ծրարը,կնայեն նկարին,կկարդան նամակը,վերջին տողում անվարժ ձեռագրով գրված .
<Կգտնես Նունիկին, չթողնես կորչի կյանքում Քո Աշխեն 18.10…թ> ու
…կթաղեն ծերունուն:
Կթաղեն առանց լացի,առանց լացի, քանի որ ծերունին իրեն հասնող բաժին լացը վաղուց լաց էր եղել:
Վերջաբանի փոխարեն
Բոլոր մարդիկ բախտ են որոնում,իսկ Բախտը` արքաներին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել