«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»-ը գրում է. «ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը անհրաժեշտ է համարում Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների «չեզոքացումը», որոնք, դեսպանի կարծիքով, «ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»: Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Իվան Վոլինկինը մասնավորապես ասել է․ «Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»: Բնականաբար, այս կարծիքը չէր կարող աննկատ մնալ մեր հայաստանյան, այսպես ասենք, արևմտամետների կողմից, ու արդեն հնչում են առաջին քննադատությունները այս ուղղությամբ ինչպես, ըստ էության, Արևմուտքի հինգերորդ էշելոնը ներկայացնող քաղաքագետների ու վերլուծաբանների, այնպես էլ տեղեկատվական ռեսուրսների կողմից:
Ինչ խոսք, ինչ-որ տեղ այս հայտարարությունը կարող է նկատվել որպես ՀՀ ներքին կյանքին միջամտելու փորձ: Սակայն եկեք մի փորք ավելի ուշադիր նայենք ինքներս մեզ ու հասկանանք, թե ինչ է ուզում ասել դեսպան Վոլինկինը: Նախ և առաջ նա բացում է բավական հետաքրքրական մի այսպես ասենք` գաղտնիք` բացահայտ, թեկուզև անուղղակի հայտարարում է, որ, այո, Հայաստանում կան հասարակական կառույցներ, որոնք դեմ են ռուս-հայկական բարեկամությանը: Ապա ակնարկում է ՌԴ-ում ընդունված մի բավական ուշագրավ օրենք, որով կարգավորվում են ՀԿ-ների գործունեությունը: Այն թեև բուն ՌԴ-ում սուր քննադատության է ենթարկվել որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ օրենք, սակայն ամեն դեպքում այն այսօր ընդունված գործող օրենք է, որով «օտարերկրյա գործակալ» են կոչվում բոլոր այն ՀԿ-ները, որոնք Ռուսաստանում զբաղվում են «քաղաքական գործունեությամբ» և «դրամական կամ այլ միջոցներ են ստանում օտարերկրյա պետություններից, միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից»: Այլ կերպ ասած՝ դեսպանը հրավիրում է ՀՀ իշխանությունների ուշադրությունը` վերահսկողություն սահմանել արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ների գործունեությանը և պարզել-հասկանալ դրանց ֆինանսական հոսքերը: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով՝ յուրաքանչյուր ֆինանսավորող միջազգային կառույց, բնականաբար, նաև իր շահերն է թելադրում տվյալ գրանտառու կազմակերպությանը, և ի վերջ նրան վերածում մեր երկրում իր շահերը սպասարկող կառույցի, եթե չասենք` դարձնում է իր «ականջներն ու աչքերը» մեր երկրում: Ու այստեղ արդեն մի փոքր ավելի մասնագիտական աչքով նայելիս կարելի է հասկանալ, թե ասենք հակառուսական որևէ կառույց ինչպիսի ֆինանսներ կարող է ներդնել Հայաստանում ու ինչպիսի պահանջներ առաջադրել, հատկապես, որ ներկայիս քաղտեխնոլոգիաների գիտակները շատ լավ գիտեն, որ հեղափոխությունները իրականացվում են ֆինանսական լուրջ ներդրումների միջոցով ու տվյալ երկրում որոշակի ՄԵԾ ԽԱՂԱՑՈՂԻ շահերը սպասարկող հինգերորդ շարասյան, այսպես ասած, «աշխատեցմամբ»: Դա գործել է սկսած լենինյան հեղափոխությունից ու այսօր էլ իրականանում է ամենատարբեր գունավոր հեղափոխությունների ու գարունների տեսքով:
Իրականում սա շատ լուրջ հարց է, ու դեսպանի զգուշացումը տեղին է: Պատկերացրեք՝ ինչի կվերածվի Հայաստանը, եթե մեր լիբերաստները, արևմտամետները ու գրանտակերները հաղթանակեն ու սեպ խրեն ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Նախ մեր սահմանները բաց կմնան մեր դարավոր հակառակորդի առաջ, և ապա շատ կարճ ժամանակում մենք ուղղակի կդադարենք գոյություն ունենալ որպես պետություն, որովհետև հույս դնել, թե Արևմուտքը մեզ մի բանով կօգնի, ուղղակի միամտություն կլինի ու կկրկնենք Առաջին հանրապետության ճակատագրական սխալը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել