Հովսեփ Էմինը 1844թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կալկաթա, 1751թ-ին մեկնել է Անգլիա, որտեղ ավարտել է Վուլվիչի ռազմական ակադեմիան: 1757-58թթ-ին մասնակցել է Յոթնամյա պատերազմին: 1758թ-ի վերջին տեսակցել է Անգլիայի վարչապետի հետ ու համոզվել, որ Անգլիան շահագրգռված չէ իրականացնելու իր քաղաքական ծրագիրը: 1759թ-ին եկել է Հայաստան: 1760թ-ին եղել է Էջմիածնում, համոզվել, որ հայ ժողովրդի ազատագրումը հնարավոր է Ռուսաստանի օգնությամբ: Վերադարձել է Անգլիա, 1761թ-ի աշնանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կանցլեր Միխայիլ Վորոնցովին և փոխկանցլեր Դմիտրի Գոլիցինին ներկայացրել է Հայաստանն ազատագրելու և Ռուսաստանի հովանավորությամբ հայ-վրացական դաշնային պետություն ստեղծելու իր ծրագիրը:
1763թ-ի գարնանն իր ազգական Մովսես Բաղրամյանի և Աստրախանում նրանց միացած 30 հայ կամավորների հետ մեկնել է Վրաստան, որտեղ Հերակլ II թագավորի հանձնարարությամբ սկսել է եվրոպական ռազմարվեստով վարժեցնել վրացական զորքը: Կապեր է հաստատել տեղի հայերի, Ղարաբաղի մելիքների և Մշո Սբ Կարապետ վանքի առաջնորդ Հովնան Մշեցու հետ: Վերջինս, որ ապստամբություն էր նախապատրաստում Արևմտյան Հայաստանում, Հերակլ II-ին խնդրել է Էմինի գլխավորությամբ վրացական ջոկատ ուղարկել օգնության, սակայն Վրաց թագավորը խուսափել է Թուրքիայի հետ բախումից:
1764թ-ին Էմինը և Հերակլ II-ը խրախուսական նամակներ են ուղարկել Հովնան Մշեցուն: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը, անիրագործելի համարելով այդ ծրագիրը, նամակով կշտամբել է Հերակլ II-ին՝ Էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլ II-ն Էմինից պահանջել է հեռանալ Վրաստանից:
1766թ-ին Ղարաբաղում հանդիպել է Հովհաննես Հասան-Ջալալյանի և մելիքների հետ, բայց չի կարողացել ապստամբություն կազմակերպել: 1773թ-ին Հնդկաստանում սերտ կապեր է հաստատել Շահամիր Շահամիրյանի հետ և մասնակցել Մադրասի խմբակի գործունեությանը: Խմբակի անդամների և հնդկահայ մեծահարուստների նյութական օժանդակությամբ փորձել է վերադառնալ Հայաստան, զորախմբեր ստեղծել և շարունակել պայքարը, սակայն Երուսաղեմի հայոց պատրիարքի նվիրակ Հովհաննես եպիսկոպոսը խափանել է այդ ծրագիրը: 1777-83թթ-ին գործել է Նոր Ջուղայում՝ ապարդյուն ջանալով իրագործել Հայաստան անցնելու իր ծրագիրը: 1783թ-ից վերջնականապես հաստատվել է Հնդկաստանում:
1788թ-ին գրել է «Հովսեփ Էմին հայի կյանքն ու արկածները» (1792 և 1918թթ.՝ անգլերեն, 1958թ.՝ հայերեն) ինքնակենսագրական երկը, որը հայ ազատագրական շարժումների պատմության անփոխարինելի աղբյուր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել