Օրերս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունը փոխանցվեց Ադրբեջանին: Ինչպես հիշում եք, նախորդ տարի մայիսին այդ կառույցի նախագահությունը 6 ամսով փոխանցվեց Հայաստանին: Մեր երկիրը հստակ ներկայացրեց իր առաջնահերթությունները վեցամսյա նախագահության ընթացքում, որոնք, ըստ էության, շոշափելու էին համաեվրոպական առանցքային խնդիրները: Մենք ի սկզբանե ասել էինք, որ Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:
Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ մեր նախագահության ամբողջ ընթացքում մենք ընդհանրապես չենք շեղվել մեր առաջնահերթություններից և մեր համեստ ներդրումն ենք ունեցել վերը նշված խնդիրներին որոշակի լուծումներ տալուն: Ասեմ ավելին, ձևաչափով չի էլ նախատեսվում, որ յուրաքանչյուր նախագահող երկիր պետք է իր նախագահության ժամանակահատվածում բարձրաձայնի բացառապես իր երկրին հուզող հարցեր և ըստ այդ սաբոտաժի ենթարկի ընդհանուր կառույցի գործունեությունը: Այս երկար ներածությունից հետո ասածս հետևյալն է` Ադրբեջանը, ինչպես երևում է, պատրաստվում է առաջիկա 6 ամիսներն օգտագործել հակահայկական քարոզչության միջոցով եվրոպացիների ուղեղները թմրեցնելու համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար և այսուհետ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էլմար Մամեմդյարովը երեկ ելույթ է ունեցել տվյալ կառույցի 124-րդ նիստին և, չդիմանալով գայթակղությանը, կրկին անդրադարձել է իրենց «հին ցավերին»: Բայց մինչ դրանց անդրադառնալը վերջինս, ասել է թե, հաջորդ 6 ամիսների ընթացքում իր նախագահության ընթացքում Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ՝ Եվրոպայի Խորհրդի նպատակների իրականացման համար: Դե հասկանալի է, թերևս, որ անմիջապես չէր կարող անդրադառնալ Արցախյան հակամարտության: Նա մի քանի ևս ֆորմալ հայտարարություններից հետո, առ այն, թե Ադրբեջանն իբր հետևողականորեն ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում և կատարում է Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, կարելի է ասել, անցել է բուն գործին:
Էլմար Մամեդյարովը քննադատել է ԵԽ-ին և դրան կից գոծող ձևաչափերը՝ մասնավորապես ասելով հետևյալը. «Հարևան Հայաստանի ագրեսիայից տուժած Ադրբեջանի դիրքորոշումը այն է, որ Եվրոպայի Խորհրդի և նրա մոնիթորինգային խմբի ներկայացուցիչները հակամարտության գոտիներ կարող են այցելել միայն համապատասխան երկրներից թույլտվություն ստանալուց հետո: Հակառակ դեպքում դրանք խախտում են միջազգային իրավունքը և մեր կողմից դիտվում են և առաջիկայում ևս կդիտվեն որպես ոչ իրավաչափ քայլեր»:
Դատելով նախագահության սկզբում տեղի ունեցող իրադարձություններից` կարելի է ասել, որ Ադրբեջանն առաջիկա 6 ամիսներին և´ մեր, և´ եվրոպացիների ուղեղները սղոցելու է իրենց նկատմամբ գործած «ագրեսիայի» մասին հեքիաթներով, չնայած առաջին հերթին ամեն դեպքում կսղոցվեն եվրոպացիների ուղեղները: Գիտեք՝ ինչ, ամեն հարթակ չէ, որը պետք է օգտագործել սեփական խնդիրները բարձրաձայնելու համար: Ամեն ինչ իր տեղն ու նշանակությունն ունի: Ի վերջո, 20 տարուց ավելի է ինչ այդ քաղաքականությունը ցույց է տալիս իր անարդյունավետությունը: Ադրբեջանի ղեկավարությունը, թերևս, ցանկանում է միշտ ակտուալ պահել հակամարտությունը` զուգահեռ փորձելով ամբողջ աշխարհին համոզել, որ իրենք ագրեսիայի զոհ են, բայց, ինչպես երևում է, չեն հասկանում, որ նման կեցվածքը միայն արժեզրկում է խնդրի կարևորությունն ու էությունը:
Այնպես որ, առաջիկա 6 ամիսներին կփոխվի միայն այն, որ Հայաստանն ու Եվրոպան մի քանի անգամ ավելի շատ կլսեն Ադրբեջանի լացուկոծը: Այսքանը և ոչ ավելին: