Tert.am-ը գրում է.
Մի քանի օր անց ապրիլի 23-ի խորամանկ հայտարարության հրապարակումից հետո, որը մի քանիսին մոլորության մեջ էր գցել, թե իբր՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նա փոխեց իր դիրքորոշումը ամերիկյան հեռուստածրագրում՝ պնդելով, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն չէր:
Վաստակավոր լրագրող Չառլի Ռոզի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Թուրքիայի վարչապետի համար՝ այդ սպանությունները բնորոշել որպես ցեղասպանություն, Էրդողանը ծիծաղելի պատասխան տվեց. «Հնարավոր չէ, քանի որ եթե ցեղասպանություն եղած լիներ, հայեր կապրեի՞ն այս երկրում (Թուրքիայում)»:
Անհավատալի է, որ Թուրքիայի նման խոշոր երկրի ղեկավարն անտեղյակ է ցեղասպանության՝ աշխարհով մեկ ընդունված սահմանումից: Արտգործնախարար Դավութօղլուն (նախկին պրոֆեսոր) և այլ զարգացած թուրքեր հավանաբար շատ ամաչեցին՝ տեսնելով, թե ինչպես է իրենց վարչապետը խայտառակվում՝ բացահայտելով իր անգրագիտությունը միլիոնավոր հեռուստադիտողների առջև:
1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու» կոնվենցիայի 2-րդ հոդվածը ցեղասպանություն է համարում «այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»։
Պետք չէ ցեղասպանագետ լինել՝ հասկանալու համար, որ պարտադիր չէ ոչնչացնել որոշակի խմբի ամեն մի անդամի՝ ցեղասպանության իրականացման մեջ մեղադրվելու համար: Արդյո՞ք Հիտլերը կարողացավ սպանել Գերմանիայի բոլոր հրեաներին: Մի՞թե Էրդողանը կհանդգներ գնալ ամերիկյան հեռուստաընկերություն և նման մի վիրավորական կարծիք հայտնել հրեաների Հոլոքոստի վերաբերյալ՝ պնդելով, թե դա ցեղասպանություն չէ, քանի որ այսօր էլ բազմաթիվ հրեաներ են ապրում Գերմանիայում: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արժանի պատասխան տալով, հորդորեց Էրդողանին՝ հետևել Գերմանիայի` Հոլոքոստի ընդունման օրինակին՝ «ճանաչելու, դատապարտելու և ներողություն հայցելու» միջոցով: Նալբանդյանը պետք է ավելացներ նաև «փոխհատուցման» պարտադիր պահանջը, առանց որի մնացածը սին խոսքեր են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



