Ֆրանսիայի նախագահի այցը, որը ներառում է տնտեսական և քաղաքական հարցերի քննարկում, պետք է դիտարկել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում: Այս այցը կարելի է բաժանել մի քանի ասպեկտների. նախ՝ տարածաշրջանային այց, հետևաբար՝ նա այցելելու է նաև Ադրբեջան,
երկրորդ՝ տնտեսական ասպեկտ. ՄՄ-ն տնտեսական տարածություն է, և նա մասնակցելու է Քարֆուրի բացմանը, որը նշանակում է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ «ասոցացումից» միայն քաղաքական բաղադրիչով չի շահագրգիռ,
երրորդ՝ անվտանգության ասպեկտ. նա քննարկելու է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցը, այսինքն՝ ԵՄ-ն իր հետաքրքրությունների տիրույթում է պահում նաև անվտանգության հարցերը: Իսկ այցելողը ԵՄ-ում առանցքային դերակատարություն ունեցող երկրներից մեկի նախագահն է, որը չի կարող քաղաքական գործընթացների որոշակի մոդելացիաներ չապահովել: Հիմա անդրադառնանք այդ այցի քաղաքական-դիվանագիտական նրբերանգային կողմին: Ֆրանսիայի նախագահի՝ դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդական Փոլ Ժան-Օրթիզը նշեց, որ Ֆրանսիան երկրորդ ամենախոշոր ներդրողն է Հայաստանում (պարզ է՝ Ռուսաստանից հետո), սա բավական երկիմաստ հայտարարություն է. մի կողմից այն կարող է նշանակել, որ ՄՄ մտնելուց առաջ Հայաստանը պետք է դա լավ հաշվարկի, քանի որ կարող է կորցնել իր ամենախոշոր գործընկերներից մեկին, մյուս կողմից էլ, որ Հայաստանը շարունակի Ֆրանսիայի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները, որը երկրորդ ամենախոշոր ներդրողին էլ ավելի կշահագրգռի: Նպատակը պարզ է. դա կնվազեցնի ռուսական տնտեսական ազդեցությունը: Միաժամանակ, հայտնի է, որ Օլանդը ղարաբաղյան հարցը կքննարկի նաև Բաքվում, որը ոչ միայն ցույց է տալիս, որ այդ հարցում միայն ռուսական գործոնը չէ վճռորոշ, այլ, որ առանց ԵՄ-ի դերակատարության՝ Մոսկվան չի կարող միայնակ վերահսկել կոնֆլիկտային գործընթացը: Հետևաբար, Հայաստանը պետք է գիտակցի, որ ՄՄ-ն ոչ միայն իր տնտեսական, այլև անվտանգության հարցերը չի կարող լուծել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել