Civilnet.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հայ և ֆրանսիացի լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Ֆրանսիայի նախագահի՝ դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդական Փոլ Ժան-Օրթին (Paul Jean-Ortiz):
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջանային այցով մայիսի 11-ին կժամանի Բաքու, մայիսի 12-ին կլինի Երևանում, իսկ մայիսի 13-ին՝ Թբիլիսիում:
Հայաստանում Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Միսաք Մանուշյանի արձանի բացմանը, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր և ներկա կլինի Շառլ Ազնավուրի համերգին:
«Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի օրակարգում մի շարք տնտեսական հարցեր կան, և նա խնդիր է դրել ավելի խթանել երկու երկրների տնտեսական հարաբերությունները՝ հաշվի առնելով երկկողմ քաղաքական և մարդկային հարաբերությունների բարձր մակարդակը»,- ասաց Փոլ Ժան-Օրթին՝ հավելելով, որ նախագահն աջակցելու է Հայաստանի արդիականացմանն ու արտաքին աշխարհին բացվելուն՝ մեծացնելով առևտրային հարաբերություններն ու նպաստելով Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, որպեսզի հնարավոր լինի խթանել ներդրողների մուտքը երկիր:
Ֆրանսիայի նախագահի խորհրդականն ընդգծեց, որ Ֆրանսիան երկրորդ ամենախոշոր ներդրողն է Հայաստանում (Ռուսաստանից հետո), և նախագահ Օլանդի պատվիրակությունը մինչ այժմ Ֆրանսիայից եկած ամենակարևոր տնտեսական պատվիրակությունը կլինի:
Մայիսի 12-ին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կբացեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը, նախագահ Օլանդը կմասնակցի «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը: Պարոն Ժան-Օրթին ասաց, որ «Կարֆուրը» Հայաստանում նախատեսում է 11 խանութ բացել:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի քաղաքական օրակարգում է Հայաստանի և Եվրամիության հետագա հարաբերությունները: «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում Ֆրանսիայի նախագահը ցանկանում է դրական ազդանշաններ տեսնել Հայաստանի կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ այցի օրակարգում է նաև Ղարաբաղի հարցը:
Պարոն Ժան-Օրթին նշեց, որ Ֆրանսիան աջակիցն է ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքների և չի անի որևէ քայլ, որը կարող է որևէ կերպ նպաստել տարածաշրջանի ապակայունացմանը:
Ֆրանսիայի նախագահը Ղարաբաղի հարցը կքննարկի նաև Բաքվում: Նրա ադրբեջանական այցի օրակարգում է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու խնդիրը, Ադրբեջան-Եվրամիության հարաբերությունների բարելավումը, ադրբեջանական ածխաջրածինների մատակարարումը Եվրոպային, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը և ադրբեջանցի ավելի շատ ուսանողների ուսման կազմակերպումը Ֆրանսիայում:
Վրաստանում Ֆրանսիայի նախագահի օրակարգում բարեփոխումների իրականացմանն ու Վրաստանի եվրոպամետ քաղաքականությանն աջակցելն է, ինչպես նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանումը: