Ներքաղաքական վերջին դասավորումների ու ուժային փոխատեղումների ֆոնին բավական երկար մտորումների առիթ ունեցա: Ակամա հիշեցի, թե տարիներ առաջ ինչպիսի ոգևորություն էր առաջացրել ընդդիմադիր դաշտում Արթուր Բաղդասարյանի գործունեությունը. երիտասարդ, բարեկիրթ ու բարետես գործիչ, իրոք խարիզմատիկ անձնավորություն, որ կարող էր իր հետևից տանել հազարավորների, թեկուզև միայն անձնական խարիզմայի ազդեցությամբ: Նրա անկեղծ ձայնով ճառերը, որ լի էին ժողովրդի նկատմամբ մտահոգությամբ .... մի խոսքով, այն ժամանակ ես իրոք ոգևորված էի` նոր անուն, նոր ոճ, հատկապես նաև քաղաքական հալածյալի բարձր կերպար լուսապսակով զարդարված: Սակայն, ավաղ: Ընդամենը մի պաշտոն, շամպայնի գավաթի մի չըխկոց ու այդ լուսավոր ու առինքնող կերպարը ձուլվեց տիրող ռեժիմին, դարձավ այդ ռեժիմի ճահճում բնակվողներից մեկը:
Այս մտորումներիս մեջ ակամա հիշեցի մեր երգչուհիներից Նունեին: Երգիչ-երգչուհիների մեջ ինչպիսի՜ նախանձելի դիրք ուներ նա` իր ժողովրդականությամբ. ժողովուրդն իրոք սիրում էր նրան, ոգևորվում նրա հայրենասիրական կատարումներով, նրա կերպարով: Արվեստի մշակույթի բնագավառի որևէ մարդու համար, դրանից մեծ բան, կարծում եմ՝ չկա ու չպետք է լինի: Սակայն: Ինչպես Արթուր Բաղդասարյանը քաղաքական դաշտում գայթակղվեց իշխանական կերակրատաշտից սնվելու հնարավորությամբ ու ի գին իր հեղինակության կուլ տվեց խայծը, նույնպես և Նունեն պալատական երգչուհու հեռանկարի ու եկամտաբերության գայթակղությանը տեղի տվեց ու ..... արդյունքում առաջինը՝ քաղաքական դաշտում, երկրորդը՝ մշակույթի ասպարեզում կորցրեին ամենակարևորը` ժողովրդի սերն ու հարգանքը ու վերածվեցին իշխանական ռեժիմի խամաճիկների թատրոնի հասարակ տիկնիկների, որոնք, ըստ թատերաշրջանի, կարող են դուրս բերվել պահեստից իրենց դերը խաղալու համար, ապա հետ նետվել պահեստ՝ փոշիով ծածկվելու համար, մինչև այն պահը, թե թատրոնի ղեկավարը հաջորդ սեզոնին իրենց հարկ կհամարի դուրս բերել ու խաղացանկում իրենց մասնակցությամբ ներկայացումներ դնել:
Մինչդեռ երկուսն էլ լուսավոր կերպարներ էին ու սիրված, ինչը չեն այսօր: Իսկ ժողովրդի սերն ու հարգանքը վստահությունը վերականգնելու համար տարիների ապաշխարանքը նույնիսկ երևի քիչ լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել