article-2413657-1BA7EDB1000005DC-264_634x5021in.am-ը գրում է.

Ուրբաթ օրը երկու համաշխարհային առաջնորդները, որոնք առավել ունակ են արձագանքելու Ուկրաինայում ռուսական սադրանքներին, և որոնց վրա առավել մեծ պատասխանատվություն է ընկած, համատեղ մամլո ասուլիս են անցկացրել: Դա պետք է Պուտինին անհանգստության որոշակի հիմք տա, սակայն միայն այն դեպքում, եթե նա որոշի, որ նրանք լրջորեն են տրամադրված՝ գրում է The Washington Post-ը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պուտինի համար նոր կարմիր գիծ են սահմանել՝ նախագահական ընտրություններ, որոնք պետք է Ուկրաինայում անցկացվեն մայիսի 25-ին: Եթե Ռուսաստանի աջակցությունը վայելող Արևելյան Ուկրաինայի անջատողականները խափանեն քվեարկությունը, կամ Ռուսաստանը դա անի բացահայտ ներխուժման ճանապարհով, Մոսկվան կբախվի նոր տնտեսական պատժամիջոցների, որոնք ենթադրաբար նախորդներից շատ ավելի կոշտ կլինեն:

Օբամայի և Մերկելի խոսքով՝ այս անգամ իրենց թիրախ կդառնան ոչ միայն Պուտինի մի քանի ընկերները, այլև ռուսական տնտեսության ամբողջական ոլորտներ: Հստակ միջոցառումների մասին Օբաման չի խոսել, սակայն նշել է, որ փորձագետները դիտարկում են էներգետիկայի, զենքի և ֆինանսական ոլորտների համար սահմանափակումների ներմուծման հնարավորությունը:

Ինչպես նախազգուշացրել է նախագահը, սպառնալիքի տակ կհայտնվի ոչ միայն առևտուրը, այլև «վարկավորման մեխանիզմները»:

Անվիճելի է, որ Ռուսաստանում Ուկրաինային ավելի մեծ նշանակություն են տալիս, քան Արևմուտքում: Ռուս առաջնորդները հավանաբար պատրաստ են մեծ ռիսկի դիմել՝ ազդելու ուղղության վրա, որով կշարժվի այդ երկիրը, կամ գոնե դրա մի մասը: Ըստ այդմ՝ տարբերություն կա նաև Արևմուտքի տնտեսական լծակներում: Ռուսաստանն արևմտյան ֆինանսական համակարգի կարիքն ունի առավել, քան արևմտյան ֆինանսկան համակարգը՝ ռուսականինը: Էներգետիկ ոլորտում պատկերը փոքր-ինչ բարդ է, քանի որ Եվրոպան խստորեն կախված է ռուսական գազից: Սակայն նաև ռուսական տնտեսությունն է կախված եվրոպացիներից, ովքեր Ռուսաստանից գազ են գնում:

Այնուհանդերձ, կա առնվազն 2 պատճառ, որոնք կարող են ստիպել Պուտինին՝ հրաժարվել նոր կարմիր գծի առջև նահանջելուց: Եթե նույնիսկ նա Օբամայի և Մերկելի սպառնալիքը լուրջ ընդունի, կարող է որոշել, որ Ռուսաստանը պատրաստ է բախվել տնտեսական դժվարությունների՝ հանուն հարևանների վրա ազդեցության պահպանման ու ընդարձակման: Այդ դեպքում Եվրոպան պետք է պուտինյան Ռուսաստանին վտանագավոր սպառնալիք համարի երկարաժամկետ հեռանկարում: Բացի դրանից՝ Պուտինը կարող է պարզապես լուրջ չընդունել Օբամայի ու Մերկելի ծրագրերը և ենթադրել, որ Արևմուտքը հազիվ թե իրականացնի իր խոստումներն ու ծանր պատժամիջոցներ սահմանի: Մասնավորապես, նման մտքի կարող է հանգեցնել այն, թե որքան անվճռական է նախկինում իրեն դրսևորել Օբաման համանման դեպքերում: Առավել կարևոր է այն հանգամանքը, որ Եվրոպայում շատերը, նախկինի պես, ակնհայտորեն պատրաստ չեն որևէ լուրջ զոհաբերության՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ:

Անցած շաբաթ ավելի վաղ մի խումբ ազդեցիկ եվրոպացի ձեռնարկատերեր ապացուցել էին Վաշինգտոնում, որ ավելի կոշտ ոլորտային պատամիջոցների սահմանումն անհաջող գաղափար է: ԱՄՆ-ը պետք է հավելյալ պլան մշակի այն դեպքում, եթե մայրցամաքում այդ դիրքորոշումը գերիշխի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել