Ազգերն ու ժողովուրդներն էլ մարդու պես են… Ամեն ինչից վեր դասելով միայն սեփական շահը, թեկուզ անունը դնենք ազգի, ժողովրդի կամ պետության Գերագույն Շահ, անկախ իրենց մեծ կամ փոքրաթիվ լինելուց, անկախ ժամանակին մարդկությանը տված իրենց հոգևոր-մշակութային մնայուն արժեքներից, ինչպես որ շահամոլ մարդն է կորցնում մարդկային նկարագիրը, վերածվելով ամեն գնով ու ամեն ինչից իր համար օգուտ քաղել ցանկացող եղկելի առանձնյակի, սրանք ևս, այն աստիճանի են հասել, որ մարդկության հետ հաղորդակցվելով միայն շահի տեսանկյունից, մոռացության են մատնել բոլոր մարդկային առաքինություններն ու կորցնելով սեփական ինքնությունն անգամ, որպես ազգ, ժողովուրդ վերանում են աշխարհի երեսից, վերածվելով անդեմ հանրությունների, մարդկային սիլոսի:
Այս վիճակում են բոլորը. հույներն ու իտալացիները, գերմանացիներն ու ֆրանսիացիները… Երբեմնի ունեցած իրենց մշակույթներից, իրենց սեփական ինքնություններից եթե ինչ որ բան էլ պահպանել են, նրանք էլ մեր նման, միայն ձևի և ձևականությունների, ուրիշներին զվարճացնելու ՛՛երգ ու պարի՛՛, դատարկ գովաբանությունների ու կենացների հարթություններում միայն:
Յուրաքանչյուր պետության սեփական շահի գերակայությունը չէ՞ր արդյոք 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց Մեծ Եղեռնի պատճառը: Այդ տարիներին կշեռքի նժարներից մեկին դրված էր հայ ազգի իր բնօրրանում ապրելու, հայրենիք ունենալու, նրա լինել չլինելու խնդիրը և մյուսին՝ իրենց ՛՛խոշոր տերություններ՛՛ անվանողների զուտ նյութական շահերը, կամ հայության ոչնչացման գնով անհասկանալի մի հանրության համար պաղեստինում ՛՛ազգային օջախ՛՛ հիմնելու հարցերը:
Այսօր էլ նույնն է: Արդյոք յուրաքանչյուր պետություն իր շահից ելնելով չէ՞, որ խաղարկում է ցեղասպանության ճանաչման կամ մերժման հարցը, այն առաջին հերթին որպես մահակ օգտագործելով Թուրքիայի գլխին բամփելու և նրանից ինչ ու բան իր համար կորզելու, նրան ՛՛խեղճացնելու՛՛ նպատակով… Նույն պոռնկությունն է…
Գալիս են ՆՈ՛Ր ժամանակներ… Արդեն շատերն են գիտակցում, որ իրենց պետությունները կառավարողների բռնած այս ճանապարհը մարդկությանը կործանման է տանում… Ահա սկսում է ձևավորվել այլ, եղածից էապես տարբերվող, մարդկության բոլորովին նոր ապագայի պատկերը: Այստեղ է , որ գերակա են դառնալու ոչ թե մարդկությունը կործանող, նրա երկրավոր կյանքը դժոխքի վերածող ճղճիմ նյութական շահերն ու մարմնավոր օգուտները, այլ Ազգերի սակրալ նպատակներից ու Առաքելություններից բխող փրկիչ գաղափարները:
Այնպես որ, շահերը չեն, որ կարևորվելու են այս ՆՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ, այլ մարդկության համար ՆԵՐԴԱՇՆԱԿ ԱՇԽԱՐՀԻ կերտմանն ուղղված ՆՊԱՏԱԿՆԵՐԸ:
Մենք ևս պիտի փորձենք հասկանալ մարդկության առջև ծառացած այս հրամայականների կարևորությունը և պիտի փորձենք օգնել նրան՝ մարդկությանը, ձևակերպելու այդ նոր տեսլականին համապատասխանող գաղափարները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=511673275624780&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել