Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք. ով կհաթղի Ուկրաինայում
Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Ուկրաինայում, "ցածր ինտենսիվության կոնֆլիկտի" վերաճումն է "բարձր ինտենսիվության կոնֆլիկտի", ինչը բավական վտանգավոր միտում է: Այժմ Ուկրաինայում ընթանում է դասական գործընթաց՝ հեղաշրջման ինստիտուցիոնալացման փուլը, որը հաճախ ուղեկցվում է հակահեղափոխությամբ, և հիմա հենց այդ գործընթացն է՝ չնայած, որ այնտեղ առկա են քաղաքացիական պատերազմի որոշ տարրեր, որոնք ցանկացած պահի կարող են ստանալ կազմակերպա-ինստիտուցիոնալ կառուցվածքային տեսք, և կոնֆլիկը կվերաճի երկարատև զինված բախման, ու այն կառավարելը կլինի չափազանց բարդ կամ անիրականանալի: Գլոբալ լիդերների և գեոստրատեգիական ուժերի հետագա գործողությունները միայն կկարողանան կանխել նման սցենարը կամ, հակառակը, զարգացնել այն: Այս ընթացքում, գերտերություններից ով կկարողանա թելադրել կոնֆլիկտի ուղղությունը և տիրել ինֆորմացիոն տարածությանը, նա էլ կտիրի Ուկրաինային: Վաշինգտոնն Ուկրաինայում հասավ իր նպատակին՝ այնտեղ «ստանալով» հակառուսական իշխանություն, այժմ Մոսկվայի հերթն է, որը ձգտելու է պոկել այն, ինչը հնարավոր է, քանի դեռ անկայունության օջախը չի մարել: Բայց դա բավական զգայուն արձագանք է առաջ բերել Արևմուտքի մոտ, որը ՆԱՏՕ-ի ուժերը մոբիլիզացնում է Ուկրաինայի սահմաններին, իսկ Դաշինքի գլխավոր քարտուղարն էլ ոչ բազմանշանակ հայտարարում է, թե Ռուսաստանն իրենց թշնամի է համարում, ուստի իրենք էլ նրա հետ կվարվեն ինչպես թշնամու հետ: Իսկ որո՞նք են Արևմուտքի և Ռուսաստանի ռեսուրսները, որոնք այս կոնֆլիկտի կառավարման մեջ, ըստ իս, կողմերին տալիս են առավելություններ: Համեմատելով այդ գործիքները՝ մենք կկարողանանք ավելի հստակ պատկերացնել Ուկրաինային տիրելու գերտերությունների հնարավորությունները: Արևմուտքի մասով դրանք հետևյալն են.
1. ինֆորմացիոն ռեսուրսներ, համարվում է, որ համաշխարհային ինֆորմացիոն հոսքերի 70 տոկոսը ամերիկյան է,
2. լավ պատրաստված ու ճկուն արտաքին հետախուզական համակարգ, որը դաշնակիցներ գտնելու կամ «սուրրոգատ պատերազմներ» վարելու դարբնոց է,
3. ստրատեգիական ծրագրերի ու կառավարման արդյունավետ մեխանիզմների առկայություն: Արևմուտքում, հատկապես՝ ԱՄՆ-ում, շատ լավ մշակվում են արտաքին քաղաքական դոկտրինաներ, ստրատեգիաներ, արտաքին քաղաքականության իրականացման գաղափարա-քաղաքական մեխանիզմներ,
4. դիվանագիտական լուրջ ռեսուրսներ. ՄԱԿ-ում Ղրիմի հարցով վերջին քվերակությունը ցույց տվեց և Արևմուտքի, և Ռուսաստանի դիվանագիտական աջակցության մակարդակը. 100-ն ընդդեմ 11-ի,
5. միջազգային կառույցների նկատմամբ վերահսկողություն. ԱՄՆ-ն, օրինակ, կարողանում է ուղղորդել այնպիսի ֆինանսական մոնստր կառույցներ, ինչպիսիք են՝ Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ն և ԱՀԿ-ն, և հենց դրանց միջոցով էլ կարողանում է տնտեսական սանկցիաներ պատրաստել ՌԴ դեմ, որն ԱՄՀ-ի հաշվարկներով արդեն 60 միլիարդ դոլարի ներդրումային վնաս է կրել:
Ռուսաստանի մասով դրանք հետևյալն են.
1. Աշխարհագրական դիրք. Ուկրաինան գտնվում է հարևանությամբ և միջամտությունը հեշտանում է: (իհարկե, Եվրոպան նույնպես սահմաններ ունի Ուկրաինայի հետ, սակայն, հիմնական տոն տվողը ԱՄՆ-ն է, իսկ Եվրոպան էլ միատարր չէ. երկրների վերաբերմունքն այդ գործընթացին տարբեր է),
2. Ուկրաինայում բավական մեծաքանակ ռուսական համայնքի առկայություն, որը հենց երկրի ներսում բնական շատ լավ դաշնակից է,
3. Ղրիմի նախադեպը. դա ռուս պաշտոնյաներին սեփական երկրի ուժի նկատմամբ հավատի և Ուկրաինայում ռուսների մոտ անջատողական ձգտումների խթան է:
Ակնհայտ է, որ երկու բևեռներն էլ ունեն բավական լուրջ ռեսուրսներ, բայց դրանց օգտագործման ձևից էլ է շատ բան կախված՝ ով ինչպես կօգտագործի իր հնարավորությունները, ինչը, սակայն, չի բացառում, որ հակասությունների խորացման, կոմպրոմիսների չգնալու կամ բանակցային գործընթացում շահերն ու դիրքորոշումները չհստակեցնելու դեպքում հակամարտությունը կարող է ամբողջովին դուրս բերել վերահսկելիությունից՝ մղելով այն քաղաքացիական պատերազմի հորձանուտ՝ տարածաշրջանի անկայունացմամբ: Իսկ Կկարողանա՞, արդյոք, Ռուսաստանը Ղրիմից հետո շահել այլ տարածքներ, ունի՞ այդքան դիվանագիտական, ֆինանսական, ռազմական, ինֆորմացիոն ռեսուրսներ, կդիմանա՞ սանկցիաներին, ցույց կտա ժամանակը: