Իրավիճակն Ուկրաինայում վերջին շրջանում առանց այն էլ լարված է, և այնպիսի տպավորություն է, որ ամեն վայրկյան կարող են սկսվել լայնամասշտամբ ռազմական գործողություններ՝ երկրի արևելքում հաստատված «ապստամբների» և հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերի միջև: Երեկ Օդեսայում տեղի ունեցածը կարելի է ասել՝ հավելյալ լարվածություն հաղորդեց ստեղծված իրավիճակին և հերթական անգամ ցույց տվեց խնդրի արագ և խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ դեպքերին հաջորդած իրավիճակը, ըստ էության, չտարբերվեց դրան նախորդող իրավիճակին. միջազգային հանրության մոտեցումները, հայացքներն այս հարցում մեծ հաշվով ոչ մի փոփոխության չենթարկվեցին:
Ինչպես գիտեք, երեկ Օդեսա քաղաքում հերթական բախումն է տեղի ունեցել «հակամայդանի», ասել է թե, դաշնայնացման կողմնակիցների և, այսպես կոչված, «երկրի միասնության համար պայքարող» ակտիվիստների (ներառյալ «Աջ սեկտոր» ծայրահեղական կազմակերպության անդամների) միջև: Արդյունքում մահացել է ավելի քան 40 մարդ, իսկ 200-ից ավելին ստացել են տարատեսակ վնասվածքներ: Ինչ խոսք, բախումը, ինչպես քիչ առաջ ասացի, հերթական էր ամբողջ երկրի կտրվածքով, բայց դրա արդյունքում տուժածների թվով այն աննախադեպ էր:
Ինչպես և սպասելի էր, կրկին առաջ քաշվեցին դավադրության տեսությունները: Կիևը մեղադրեց Ռուսաստանի անվտագնության ծառայության աշխատակիցներին՝ այս ամենը կազմակերպելու կամ էլ սադրելու մեջ, որը Ռուսաստանը որակեց որպես զառանցանք, Իսկ Ռուսաստանն էլ իր հերթին մեղադրեց Կիևին՝ անպատասխանատվության, ինչպես նաև «ազգայնական-ֆաշիստական» ուժերին աջակցելու մեջ: Կարճ ասած՝ կողմերի միջև (Կիև-Մոսկվա) ոչ մի կառուցողական երկխոսության չի կայացել, ասեմ ավելին, երկխոսություն առհասարակ չի կայացել, էլ ուր մնաց՝ կառուցողական: Կողմերը միջև պարզապես եղել է անարդյունավետ լեզվակռիվ:
Ռուսաստանն այս հարցը փորձել է տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ` հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Օդեսայում կատարված «հանցագործության» վրա: Գիտեք՝ ինչ, հրավիրելը ստացվել է, բայց արդյունք գրանցելը` ոչ: Բանն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալվող դեպքերին նվիրված արտահերթ նիստում ՌԴ-ն ներկայացրել է այդ երկրում բռնությունները դատապարտող նախագիծ, սակայն արևմտյան երկրների պատվիրակությունները դրանում իրենց փոփոխություններն են ներկայացրել, և արդյունքում համաձայնության հասնել չի հաջողվել:
Մի խոսքով, գործը առաջ չի գնում և, իմ կարծիքով, չի գնում ոչ մեկի համար: Ոչ ոք ստեղծված իրավիճակից չի շահում՝ ո´չ ռուսները, ո´չ ամերիացիք, ո´չ եվրոպացիք, ո´չ էլ, առավել ևս և ամենակարևորը, ուկրաինացիք:
Տեսեք ՄԱԿ-ի` անվտանգության խորհրդի միջոցով որևէ արդյունքի հասնելն անհնար է, քանի որ թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքի մի քանի երկրները այս խորհրդի մշտական ներկայացուցիչներ են և առանց 5 մշտական ներկայացուցիչների միասնական համաձայնության այդ կառույցքում անհնար է որևէ որոշման հանգել, քանի որ դրանցից յուրաքանչյուրը ունի վետոյի իրավունք:
Մյուս պատճառը, որը լրջորեն խոչընդոտում է առաջընթաց գրանցել, Ռուսաստանի ու Արևմուտքի կշիռն է միազգային հարաբերություններում: Բանն այն է, որ Ուկրաինայում բախվել են Ռուսաստանի և Արևմուտքի շահերը, և այս պարագայում շատ բարդ է ակնկալել, որ կողմերից որևէ մեկը կարող պատրաստակամություն հայտնել զիջելու իր տարածաշրջանային շահերը: Արդյունքում պայմանականորեն ստացվել է հետևյալը` Ռուսաստանը մի կողմից չի զիջում, Արևմուտքը` մյուս, իսկ Կիևը չի զիջում, որովհետև չի զիջում Արևմուտքը, իսկ Արևմուտքից անկախ էլ Կիևը չի կարող զիջել, քանի որ հենց այդ Արևմուտքն է, որ ճանաչում է նոր իշխանությունների լեգիտիմությունը: Այսքանից հետո չեն զիջում նաև, այսպես կոչված, Ուկրաինայի հարավ-արևելքի ապստամբները, քանի որ իր հերթին չի զիջում նաև Ռուսաստանը: Կարծում եմ՝ հենց այս շիլաշփոթն է, որ բարդացնում է, ես կասեի, լճացնում է ճգնաժամը:
Հ.Գ. Ուկրաինացիներին համբերություն