Վերջին տարների ընթացքում Մերձավոր Արևելքում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը այսօր մեզ ստիպում է առավել զգոն լինել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացումների: Իսկ այդ զարգացումները պարզապես կարող են լինել անկանխատեսելի: Մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը այս պահի դրությամբ արդեն հասել է այնպիսի մակարդակի, որ մենք չենք կարող կողքից դիտորդի դերում լինել և պահպանել չեզոքությունը, քանի որ բազմաթիվ հարցերի շուրջը դրանք ուղղակիորեն կապված են Հայաստանի Հանրապետության շահերի հետ:
Քանի որ այսօր տարածաշրջանի թիվ մեկ խնդիրը Իրան Արևմուտք հակամարտությունն է, ապա տարածաշրջանում տիրող իրադրության վաղվա զարգացումները ամբողջովին կապված են դրա հետ: Չնայած մեկ անգամ չէ, որ ամերիկյան պաշտոնատար անձինք հայտարարել են, որ ԱՄՆ չի պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, այնուամենայնիվ նման վտանգ գոյություն ունի: Այս առումով մտահոգության առիթ է տալիս նաև ԱՄՆ կոնգրեսում ներկա պահին քննարկվող ռազմական ծախսերի օրինագիծը: Քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել կոնգրեսմեն Դենիս Կուսինիչը, որ ասել է. ՙՌազմական ծախսերի օրինագիծը նախատեսում է Իրանի հետ պատերազմի նախապատրաստումը: Այն պարունակում է քաղաքական դեկլարացիա, որը իր մեջ ներառում է մարտական գործողություններ: Ոմանք կարող են ասել, որ այս օրինագիծը չի թուլատրում պատերազմ, սակայն, այս փաստաթուղթը նախապատրաստում է մեզ պատերազմի՚ : Նմանատիպ փաստերը հաշվի առնելով մենք իրավունք չունենք անտեսել պատերազմի իրական վտանգը տարածաշրջանում:
Նույնիսկ Իրանի հնարավոր բաժանումն է կատարվել... Եթե նայում ենք Հայաստանի աշխարհագրական դիրքին, ապա առաջին հայացքից կարող է ստեղծվել տպավորություն, որ Հայաստանը այն հանգույցն է, որին ուղղակիորեն ոչ մի վտանգ չի սպառնում: Հայաստանը վարում է կոմպլիմենտար ուղղորդված քաղաքականություն Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի միջև, փորձելով պահպանել լավ հարաբերությունները երեք կողմերի հետ: Այս հետևությունից ելնելով էլ ոմանք միգուցե կարծեն, որ անկախ նրանից թե ինչպես կծավալվեն իրադարձությունները Իրանի շուրջը, Հայաստանը պահպանելու է իր չեզոքությունը և շարունակելու է վարել այն քաղաքական գիծը, որը կա այսօր:
Նայելով քարտեզին համոզվում ենք, որ Իրանի հարևան երկրներից միայն Հայաստանն է, որ դուրս է ԱՄՆ ազդեցության ոլորտից... Սակայն, իրավիճակի նույնիսկ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս հակառակը: Այսինքն, Իրան Արևմուտք հակամարտության ցանկացած զարգացում ուղղակի ազդեցություն է թողնելու Հայաստանի ինչպես արտաքին քաղաքական ուղղվածության, այնպես էլ ներքին կյանքի վրա, որը կարտահայտվի ներքաղաքական, տնտեսական և ռազմական գործողությունների սրմամբ: Եթե ներքաղաքական իրավիճակի սրացումը հնարավոր է որոշակի ներքին ուժերի գլուխ բարձրացնելով, ապա տնտեսական և ռազմական իրավիճակի սրացման պատճառ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները: Ընդ որում տնտեսական իրավիճակի բարդացման պատճառ կարող են հանդիսանալ ինչպես Իրանից Հայաստան ներգաղթողների չափազանց մեծ հոսքը, Իրանի հետ ճանապարհի փակվելը, ինչի պատճառով Հայաստանը կզրկվի ցամաքային կապից մերձավորարևելյան երկրների հետ, այնպես էլ Վրաստանի գործողությունները, որոնց արդյունքում Հայաստանը կարող է զրկվել իր միակ ցամաքային կասպից ողջ աշխարհի հետ: Նման գործոնների ազդեցություան տակ Հայաստանի տնտեսությունը կկրի խոշոր հարված բոլոր ոլորտներում, ինչի հետևանքները երևի թե անկանխատեսելի են:
Մեր մյուս հարևանի Ադրբեջան, գործողությունները այնպիսի բնույթ են կրում այսօր, որ մեք չենք կարող որևէ հստակ կանխատեսում կատարել և հնարավոր է ցանկացած զարգացում, ընդհուպ մինչև լայնածավալ մարտական գործողությունների սկսումը Արցախի և Հայաստանի դեմ ունենալով Թուրքիայի քաղաքական, ֆինանսական և ռազական լայնածավալ աջակցությունը:
Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված նման բարդ ռազմաքաղաքական իրավիճակը փորձենք հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն տարածաշրջանում, ավելի շատ կենտրոնանալով ռազմական իրադրության վրա:
Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման բոլոր հնարավոր տարբերակները սկսվում են միևնույն կետից: ԱՄՆ և նրան դաշնակից ուժերը որոշակի նախապատրաստական փուլերից հետո սկսում են պատերազմ Իրանի դեմ: Հասկանանք, որ անմիջականորեն Իրանում մղվող ռազմական գործողությունները, դրանց փուլերը և մարտական գործողությունների ընթացքը էական ազդեցություն չեն թողնելու տարածաշրջանում զարգացող ռազմաքաղաքական իրավիճակի վրա: Իրանի դեմ պատերազմի սկսման դեպքում Հայաստանի շահերին անմիջապես հարվածելու է մեր հարևանների դիրքորոշումը:
Վրաստան: Վերջին տարիների ընթացքում Վրաստանի վարած պրոամերիկյան ուժեղ արտահայտված արտաքին քաղաքական գիծը, Ռուսաստանի հետ 2008 թվականի հնգօրյա պատերազմը, թույլ են տալիս ենթադրել, որ Վրաստանը միանշանակ հանդես է գալու, որպես ԱՄՆ-ի դաշնակից և նույնիսկ այն դեպում, եթե անմիջապես չմասնակցի մարտական գործողություններին, ապա իր տարածքը ամբողջովին տրամադրելու է դաշնակից զորքերին որպես ռազմաբազա: Հաշվի առնելով այն փաստը, որ տվյալ դեպքում Ռուսաստանը հնարավոր է հանդես գա ավելի շատ Իրանի շահերի պաշտպան Վրաստանը կփակի իր սահմանները Ռուսաստանի հետ և արդյունքում նաև Հայաստանի հետ, որը տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է համարվում: Դա կառաջացնի տնտեսական ճգնաժամ Հայաստանում, միաժամանակ կթուլացնի Հայաստանի ռազմավարական ներուժը, կտրելով արտաքին աշխարհի հետ միակ ցամաքային ուղին: Իսկ ամերիկացի քաղաքագետ, սոցիոլոգ Զբիգնեվ Բզեվինսկին նույնիսկ հավանական է համարում Վարաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի սկսումը :
Ռուս-վրացական հնարավոր պատերազմի սկսումը հնարավոր է ոչ միայն վրացական կողմի ակտիվ գործողություններով, այլև այն հնարավոր է սկսվի հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Իրանին հնարավոր հարվածների հասցնելու սպառնալիքի կամ հարվածներ հասցնելու դեպքում, ռուսական կողմը անմիջապես պետք է ուժեղացնի տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը: Իսկ տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունը սահմանափակվում է հայաստանյան նրա ռազմաբազայով: Ահա այստեղ է, որ ռուսական կողմը կանգնում է լուրջ խնդիրների առջև: Չունենալով ցամաքային սահման Հայաստանի հետ ռուսական կողմը պարզապես պարտավոր է ապահովել իր համար անվտանգ ուղի, որը կարող է անցնել Վրաստանի տարածքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վրացական կողմը չի թույլատրում ռազմական բեռների տեղափոխում իր տարածքով դեպի Հայաստան, ռուսական զինված ուժերի ներկայացուցիչները չեն բացառում ռազմական գործողությունների միջոցով ճանապարհի բացումը դեպի Հայաստան, ինչը միանշանակորեն նշանակում է պատերազմ Վրաստանի դեմ: Ըստ ռազմական փորձագետ Սերգեյ Կոնովալովի ռուսական բանակի գեներալ-լեյտնենանտ Յուրի Նետկաչև ասել է, որ Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկսման դեպքում Ռուսաստանը պետք է կարողանա հուսալի և անվտանգ ճանապարհ հարթել Վրաստանի տարածքով դեպի Հայաստան: Ըստ փորձագետի հնարավոր է, որ Ռուսաստանը կիրառելով ռազմական ուժի ճեղքի Հայաստանի շրջափակումը և ապահովի ռազմական տեխնիկայի և բեռների անվտանգ տեղափոխումը Հայաստան:
Վերլուծենք տարածաշրջանի մյուս երկիրը, որի ակտիվ գործողությունները ազդելու են հայկական կողմի շահերի վրա: Դա Ադրբեջանն է:
1994 թվականի մայիսին կնքված հրադադարից հետո բոլոր տեսակի ամբիոններից ադրբեջանական կողմը անվերջ հայտարարում է իր կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման մասին: Մենք բոլորս էլ լավ ենք հասկանում, որ դա գերազանցապես սեփական ժողովրդին հանգստացնելու միջոց է: Սակայն վերջին տարվա մեջ ադրբեջանական կողմից ավելի ու ավելի բարձրաձայն են հնչում այդ հայտարարությունները, դրանց զուգահեռ Ադրբեջանը ակտիվորեն զինվում իրեն հասանելի բոլոր հանարավոր զինատեսակներով: Միաժամանակ վերջին տարիներին ադրբեջանական դիվերսիոն խմբերի ակտիվությունը աճել է այն աստիճանի, որ նրանք սկսել են ակտիվ գործողությունների դիմել նաև Հայաստանի Հանրապետության դեմ: Հիշենք միայն վերջերս Տավուշի մարզի բնակավայրերի գնդակոծությունները, նույն Տավուշի մարզում նրանց դիվերսիոն խմբի գործողությունների արդյունքում մեր տված կորուսատները:
Չենք կարող չնշել այն մասին, որ ադրբեջանական կողմը մի քանի զինատեսակ գնել է նաև Իսրաելից: Հենց միայն այն փաստը, որ Ադրբեջանը ռազմական սպառազինություն և տեխնիկա է գնել Իսրաելից բավական էր, որ իրանական կողմը սկսի Ադրբեջանի մեղադրել իր դեմ ուղղված գործողությունների նախապատրաստվելու մեջ: Ի հարկե ադրբեջանական կողմը անմիջապես սկսեց հայտարարել, որ գնված սպառազինությունը և տեխնիկան նախատեսվում է օգտագործել հայերի դեմ հնարավոր պատերազմի ընթացքում, ինչ համարյա թե իր խոսքերում հաստատել է իսրաելցի ռազմական փորձագետ Բրենդա Շաֆֆերը : Սրան գումարվում են նաև իրանական մամուլի այն հաղորդագրությունները, որ ադրբեջանական կողմը Իրանի հետ սահմանի վրա կենտրոնացնում է իսրաելական տանկային ստորաբաժանումներ և իր ավիոբազաները տրամադրում է Իսրաելին օգտագործման համար: Այս լուրերի վերաբերյալ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն իր մեկնաբանություններում ասել է. որ ադրբեջանական ռազմաբազաները Իսրաելին տրամադրելու դեպքում Ադրբեջանը կդառնա ապագա պատերազմի թիրախներից մեկը :
Սակայն ինչպես նշում է ռազմական փորձագետ Ա. Հովհաննիսյանը Ադրբեջանի ձեռք բերած ռազմական սպառազինության և տեխնիկայի այդ տեսակները պարզապես չեն կարող օգտսագործվել Հայաստանի կամ Արցախի դեմ : Ի լրումն դրա կարծես հաստատվեցին այն լուրերը, որ Բաքվից քիչ հեռու տեղակայված ՙՍիլտաչայ՚ ավիաբազան իրոք տրամադրվել է Իսրաելին : Ուսումնասիրելով ադրբեջանական մամուլը մենք կարող ենք տեսնել, որ այսօր արդեն Ադրբեջանը չի թաքցնում իր թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ, ընդ որում Իրանին մեղադրում են պրոհայկական քաղաքականության վարման մեջ, ի դեմս Իրանի տեսնելով Հայաստանի դաշնակցի: Ինչպես նաև այսօր Ադրբեջանը արդեն սկսել է շրջանառության մեջ դնել ՙՀարավային Ադրբեջան՚ տերմինը, որը վերաբերվում է ողջ հյուսիսային Իրանին: Ընդ որում Ադրբեջանը այնքան է տարվել էյֆորեայով, որ կարծես թե ցանկանում է որոշակի առավելությունների հասնի նաև Կասպից ծովի ավազանում, որտեղ բախվում են Ռուսաստանի, Իրանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Ղազախստանի շահերը : Եվ այս ամենին ի լրումն Ադրբեջանի ռազմական պլանները Արցախի և Հայաստանի վերաբերյալ:
Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես Ադրբեջանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ստացել է որոշակի խոստումներ Իրանի դեմ պատերազմին մասնակցելու դիմաց: Ընդ որում բացի խոստումները ԱՄՆ-ը և դաշնակից երկրները Ադրբեջանի վրա ճնշում են կիրառել և կիրառում են Իրանի դեմ հավանական պատերազմին իրենց կողմից մասնակցելու համար: Այդ կարծիքն է արտահայտել Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը : Ամենայն հավանականությամբ այս ամենի արդյունքում ադրբեջանական քաղաքական էլիտան որոշել է միանալ հակաիրանյան ուժերին և Իրանի դեմ պատերազմի ժամանակ միանգամից մի քանի հարցեր լուծել ի օգուտ իրեն:
Այս պարագայում միանգմայն հնարավոր է, որ ադրբեջանի ղեկավարության ընկնելով արկածախնդրության հետևից պատերազմական գործողություններ սկսի Արցախի և Հայաստանի դեմ: Նման զարգացում միանգամայն հնարավոր է նամանավանդ, եթե Վրաստանը փակի Հայաստան մտնող ճանապարհները, դրանով իսկ ռազմավարական առավելություն տալով Ադրբեջանին: Ընդ որում, եթե նախկինում ադրբեջանական կողմը իր աչքի առաջ ունենալով վրաց-ռուսական պատերազմի արդյունքները ուղղակի դեմագոգ հայտարարություններով էր բավարարվում, այսօր արդեն հույսը դնելով այն բանի վրա, որ ինքը չափազանց կարևոր օղակ է հանդիսանալու Իրանի դեմ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի և դաշնակից ուժերի համար, որոշակիորեն փոխել է իր մոտեցումները և առավել վստահ է, որ Արցախի վրա հարձակվելու դեպքում միջազգային հանրությունը ճնշումներ չեն գործելու իր վրա:
Ինչ վերաբերվում է մեր մյուս հարևանին Թուրքիային, ապա պիտի ընդունենք այն փաստը, որ Թուրքիան բացահայտ ռազմական գործողություններ չի ձեռնարկելու Հայաստանի դեմ: Նա բավարարվելու է Հայաստանի շրջափակմամբ, Ադրբեջանին լայնածավալ ռազմական օգնության տրամադրմամբ, ինչպես նաև միջազգային հանրության մեջ հակահայկական քարոզչության իրականացմամբ: Թուրքիայի նման դիրքորոշումը առաջին հերթին կախված է Ռուսաստանի կոշտ դիրքորոշումից, որը անմիջապես հակաքայլեր կձեռնարկի Թուրքիայի դեմ, ընդհուպ մինչև լայնածավալ մարտական գործողությունների անցնելը: Ընդ որում ռուսական կողմի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ այս մասին բարձրաձայնել են. Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Շարավինը “Սվոբոդնայա պրեսա” թերթին տված հարցազրույցում նշել է. “Համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի, Հայաստանը համարվում է մեր ռազմական դաշնակիցը: Այնտեղ տեղակայված է մեր ռազմական բազան, և այդ երկրի վրա հնարավոր հարձակման դեպքում մենք պարտավոր ենք կանգնել նրա կողմը”:
Փաստորեն ուսումնասիրելով մեր հարևանների հավանական գործողությունները Իրանի դեմ պատերազմի դեպքում մենք տեսնում ենք, որ.
- հավանական է, որ Վրաստանը կփակի Հայաստանի հետ իր սահմանը,
- Ռուսաստանը կձեռնարկի միջոցներ Հայաստանի հետ հուսալի և անվտանգ ցամաքային կապ ապահովելու համար,
- Ադրբեջանը ոգևորված ՆԱՏՕ-ի աջակցությունից կփորձի ռազմական ուժի կիրառմամբ լուծել Արցախյան հիմնախնդիրը:
Ռուսական վերլուծական կայքերից մեկում հրապարակված հոդվածում նշվում է, որ այսօր Հայաստանում բավականին թուլացել է ռուսական ազդեցությունը, բազմաթիվ հայաստանյան կազմակերպություններ ֆինանսավորվում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից : Դենիս Գայշունը գրում է. “Հայաստանը հայտնվել է մի գեոքաղաքական թակարդի մեջ, որտեղ բախվում են ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի շահերը: Հայկական իշխանությունները լավ են հասկանում բոլոր խնդիրները և մարտահրավերները և փորձում են դրանք լուծել: Երևանի արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը որոշված է տարածաշրջանում ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրությամբ”: Իր հերթին ռազմական փորձագետ Ալեքս Ջեկսոնը կարծիք է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում լարվածությունը կպահպանվի, սակայն, ակտիվ գործողություններ չեն լինի :