Ուկրաինայի ապստամբած շրջաններում իրավիճակն առավոտյան կտրուկ սրվել է այսօր: Կիևը, ի վերջո, որոշում է կայացրել գրոհել Սլավյանսկը: Դեպքերն այժմ շատ արագ են զարգանում և երկու կողմից կան զոհեր և կորուստներ (ներառյալ տեխնիկայի տեսքով): Ուկրաինայից հաղորդվում է զինված ուժերի, ինչպես նաև ծանր տեխնիկայի լայնամասշտամբ օգտագործման դեպքերի մասին:

Հիշեցման կարգով ասեմ, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների կողմից բազմիցս հնչել են սպառնալիքներ՝ բանակի օգտագործման վերաբերյալ: Ընդամենը օրերս այդ երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը որոշում էր կայացրել վերսկսել, այսպես կոչված, հատուկ գործողությունը` «ահաբեկիչներից ազատագրելու համար երկրի արևելքն ու հարավը»: Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ սրան ի պատասխան ասել էր, որ դա կլինի իսկական աղետ և Ուկրաինայի գործող իշխանությունների կկրեն ամբողջական պատասխանատվություն՝ իրավիճակի հետագա տարաբնույթ զարգացումների համար:

Այնպես որ, այն, ինչ այժմ կատարվում է Սլավյանսկում, չափազանց վտանգավոր է և կարող է հանգեցնել Ռուսաստանի՝ արդեն ուղղակի ներգրավմանը ընթացող գործընթացներում: Ասում եմ ուղղակի, քանի որ, ըստ իս, թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքն արդեն վաղուց ներգրավված են այս ամբողջ «թուհուբոհի» մեջ՝ չհաշված դիվանագիտական ներգրավվածությունը, որն ակնհայտորեն և տրամաբանորեն առկա է ի սկզբանե:

Մի խոսքով, ճգնաժամը մտնում է ակտիվ ռազմական գործողությունների փուլ: Լավատեսության հիմքերն այս ճգնաժամի շուտափույթ և ամենակարևորը խաղաղ լուծման համար գնալով անհետանում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել