ԱԺ նախագահի ընտրությունը կայացավ, Գալուստ Սահակյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց ԱԺ նախագահ: Բոլորը գոհ են, իսկ Գալուստ Սահակյանը` երջանիկ: Ամենահետաքրքրականը սակայն պոստֆակտում մեկնաբանություններն են տարբեր խմբակցությունների ու պատգամավորների: Օրինակ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ընտրել է Գալուստ Սահակյանին, քանի որ ժամանակին էլ Գալուստ Սահակյանն է իր օգտին քվեարկել, երբ առաջադրվելիս է եղել ՏԻՄ հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում (դու ինձ, ես` քեզ):
Միանշանակ չենք կարող ասել, բայց ՀԱԿ-ի չմասնակցելը մի քանի քայլանոց գործողություն էր, արդյո՞ք կապ ուներ նույն խմբակցության անդամի ինքնաառաջադրման հետ, Գալուստ Սահակյանին չքվեարկելո՞ւ, թե՞ ԲՀԿ-ի քվեարկությունը առավել ցայտուն դարձնելու հետ:
ԲՀԿ պատգամավորների միահամուռ, խղճի մտոք մասնակցությունը այնուհետև որոշ պատգամավորների հայտարարությունները տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս: Ինչպես ասում են, չընկնենք մեկնաբանությունների հետևից, այլ ֆիքսենք փաստերը, որից հետո կերևա թե ով է անկեղծ: ԲՀԿ պատգամավորները հայտարարում են, որ խմբակցությունը չունի թեկնածու, ուստի ազատ են քվեարկում, սակայն Հ.Բագրատյանն ունենում է 3 կողմ, իսկ Սահակյանը 101: Ի դեպ Բագրատյանի երեք կողմ քվեները հայտնի են:
Այնուհետև ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդես են գալիս հայտարարությամբ, թե իրենք էլ են ընտրել Բագրատյանին (առնվազն 10 ձայն), բայց հաշվիչ հանձնաժողովը չի արձանագրել: Այդքանով հանդերձ նման հայտարարություն անող ոչ մի պատգամավոր իր ձայնի հետևից չի գնացել, հաեմանյնդեպս, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը «ՀԺ»-ի հետ զրույցում նշել է, թե ԲՀԿ խմբակցության ոչ մի պատգամավոր իրենց չի դիմել ու քվեարկած թերթիկները ստուգելու ցանկություն չի հայտնել:
Հետաքրքիր է ԲՀԿ խմբակցության անդամ, մեծամասնական պատգամավոր Գրիգոր Մարգարյանի հայտարարությունը: «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում նշել է. որ ընտրել է Գալուստ Սահակյանին, ու դա չի թաքցնում, (ՀԱՐՑ` իսկ ո՞վ է թաքցնում) և հայտարարել է որ քվեարկությանը մասնակցել են խմբակցության ղեկավարի հանձնարարությամբ:
Չէ բայց հետաքրքիր է, երբ մարդ քարը գլորում է ձորը, ու հայտարարում, որ ինքը դրան անմիջական մասնակցություն չի ունեցել, այլ եղել է դիտորդ: Այստեղ կարևորը քարի գլորման պրոցեսին չմասնակցության հայտարարությունն է թերևս: Թե ինչպիսին է գործողությունն իրականում, դառնում է երկրորդական: Ի վերջո հանրությունն է գնահատական տալիս, քանզի ամենից ուժեղ գնահատականը հանրային կարծիքի գնահատականն է: Կարծում եմ, որ հայտարարությունները ու դրանց շրջանառումը ԶԼՄ-ներով հենց հանրային կարծիքի նպաստավոր ֆոն ստեղծելուն է ուղղված: