«Քրիստոնյաները պետք է ձգտեն հասարակական կարգի կատարելագործմանը» Ս. Ն. Բուլգակով
Գոյություն ունի արդյո՞ք որևէ կապ կրոնի ու քաղաքականության միջև, ոգեկանության և հանրային կյանքի միջև: Ընդ որում, կապ ոչ միայն պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների մակարդակում՝ որպես հանրային կառույցներ, այլ շատ ավելի խորքային մակարդակներում: Օրինակ՝ հնարավո՞ր է, արդյոք, սահմանել քաղաքականության մեջ խառնվելու կրոնական շարժառիթը: Քաղաքականությունը, բնականաբար, կարող է լինել տարբեր ու բազմազան: Սակայն, եթե փորձենք եղած բազմազանությունն ու բարդությունը պարզեցնել ու խմբավորել, ապա կարող ենք առանձնացնել քաղաքական-համակարգային երկու հիմնական խումբ` ա. արխայիկ-ինտեգրիստական և բ. լիբերալ-իրավական:
ա. Արխայիկ-ինտեգրիստական քաղաքական համակարգ: Այս դեպքում ենթադրվում է հանրության էթնիկ-կրոնական միասնության առկայություն: Ազգը նկատվում է որպես կենդանի օրգանիզմ, որտեղ ամեն բան պետք է լինի ներդաշնակ, ընդ որում, ով այդ միասնության մեջ չէ, ապա, պատկերավոր ասած, «ավելի վատ իր համար», և անձնի անհատական ազատությունն այստեղ մի տեսակ նկատվում է որպես ավելորդություն ու նույնացվում է ներդաշնակության հետ: Այստեղ շատ ավելի խոսվում է պարտականությունների, քան իրավունքների ու ազատությունների մասին: Օրինակ՝ Ռուսաստանում այս սկզբունքը արտահայտվեց «ուղղափառություն-ինքնակալություն-ժողովրդայնություն» սահմանման մեջ:
բ. Լիբերալ-իրավական քաղաքական համակարգ: Այս դեպքում առաջնային պլանում է դրվում օրենքի գերակայությունը, որը պաշտպանում է յուրաքանչյուր մարդու ազատությունն ու արժանապատվությունը` անկախ հայացքներից ու համոզմունքներից: Ազատությունն այստեղ սահմանվում է որպես աշխարհայացքի, կրոնի, խոսքի և մամուլի, ժողովների և հավաքների, տեղաշարժվելու ազատություն: Այստեղ առաջնայինը ոչ թե ներդաշնակությունն է նկատվում, այլ տարբեր շահերի հավասարակշռումը: Մարդու ազատության սահմանն այս դեպքում արդեն այլ մարդու ազատությունն է, իսկ ապանվիրականացված պետությունն այստեղ ստանձնում է այդ սահմանների պահապանի դերը: Եթե առաջին քաղաքական համակարգը ներդաշնակվում է միապետության, եկեղեցական իշխանության կամ կրոնապետության հետ, ապա երկրորդ քաղաքական համակարգը շատ ավելի բարդ է ու բազմաշերտ: Այստեղ արդեն պահանջվում է ինքնաիրացման ու ինքնաարտահայտման առավելագույն ազատություն` արտաքին կարգուկանոնի խստագույնս պահպանման պայմաններում: Միաժամանակ նաև այստեղ ակնկալվում է գաղափարական ու կրոնական բազմազանություն պետության կատարյալ չեզոքության պահպանմամբ և հստակ ժողովրդավարական գործընթացների մշակում: Քրսիտոնեական սոցիալական էթիկան, ըստ էության, սոցիալ-քաղաքական անդեմ կառույցների կրոնական իմաստավորմամբ ճանաչումն է կամ սոցիալական էթիկայի քրիստոնեական արժևորումը: Քրիստոնեական սոցիալական էթիկան սովորաբար մասնագետները համարում են համադրելի միայն երկրորդ՝ նկարագրված քաղաքական համակարգային մոդելի հետ: Եվ առանձնացնում ենք երկու հիմնական չափանիշ`
ա. լիբերալ և բ. սոցիալական: