Վերջին շրջանում մեր լրատվամիջոցները կարծես փորձում են ինչ-որ ինտրիգներ ստեղծել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու շուրջ: Բոլորն ինչ-որ հարցեր են բարձրացնում, կառչելով ինչ-որ մանրուքներից, և այնուհետև տարածում, այսպես կոչված, փորձագետների տարատեսակ հոռետեսական կարծիքներ՝ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի հեռանկարի վերաբերյալ: Ոմանք ասում են, թե իբր Հայաստանը կարող է և չանդամակցել Մաքսային միությանը, ոմանք ասում են, թե իբր Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանում մեզ տեսնել այդ ինտեգրացիոն ծրագրում, և այլն: Վերջին շրջանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք այցլեություններ կատարեց Մոսկվա և Մինսկ: Այս այցերը ևս դարձան մեր հոռետես փորձագետների և ինտրիգասեր մամուլի քննարկման թեմա: Կրկին շատերն ասացին, որ Բելառուսում չեն ուզում, որ Հայաստանն անդամակցի ՄՄ-ին և դառնա Եվրասիական միության հիմնադիր անդամ: Մի խոսքով, անընդհատ (բայց մարդ չի հասկանում, թե ինչու) մենք ծայրաստիճան թերագնահատում ենք մեր պետությանը և վարկաբեկում մեր իսկ հեղինակությունը: Քննարկան թեմա դարձած վերջին բարձրացված հարցն ինձ, անկեղծ ասած, նյարդայնացրել է բոլորից շատ: Հիմա էլ ասում են, թե ինչու Հայաստանը չի մասնակցում այսօր Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Այս հարցին, կարծում եմ՝ շատ նորմալ պատասխանել են մեր ԱԳՆ-ից: Ճիշտ է, սովորաբար անձամբ ինձ դուր չի գալիս, թե ինչպես է մեր ԱԳՆ-ն աշխատում հասարակության հետ, թե ինչպես են տեղեկացնում մարդկանց տարբեր իրադարձությունների շուրջ կամ էլ պետք եղած ժամանակ արձագանքում տարատեսակ իրադարձություններին, բայց այս անգամ, թերևս, հնչել է լավ պատասխան:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պարզաբանել է վերոնշյալ հարցեը` ասելով մասնավորապես հետևյալը. «Դեռ չհանդիսանալով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ՝ Հայաստանը չի մասնակցում այսօր Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական բարձագույն խորհրդի նիստին: Ըստ օրակարգի՝ նախատեսված է, որ գագաթնաժողովին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճապապարհային քարտեզով նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի մասին տեղեկատվությունը անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներին կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի կողմից»:

Ես չեմ հասկանում, թե ինչ կար այստեղ չհասկանալու, որ մեր մամուլը իրար խառնված պարզաբանումներ է ցանկացել ստանալ նախարարությունից: Ես չեմ հասկանում այն, որ ինչ-որ մեկին կարող էր թվալ, որ Հայաստանը պետք է մասնակցեր այդ կառույցի բարձագույն խորհրդի նիստին: Ինչո՞ւ: Հայաստանն ի՞նչ գործ ունի այդտեղ: Սա նույնն է, ինչ ԵՄ թեկնածու երկրները մասնակցեն Եվրամիության խորհրդի նիստին, որտեղ մասնակցում են միայն անդամ պետությունների ղեկավարները: Հայաստանն այս պարագայում ինչո՞ւ պետք է լինի բացառություն և մասնակցի որևէ կազմակերպության բարձրագույն խորհրդի նիստերին: Սա, ինչպես ասում են, կոնկրետ այս հարցի մասով:

Այժմ վերադառնալով ավելի լայն խնդրին` ցանկանում եմ բոլոր հոռետեսներին կամ էլ չկամներին ասել, որ անկախ ամեն ինչից՝ կլինի դա մայիսին, թե հունիսին, Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, միանալու է Եվրասիական միությանը և շարունակելու է իր ինտեգրման ճանապարհը այդ վերազգային մարմնի բոլոր ներկա և պոտենցիալ անդամների հետ: Սա արդեն անշրջելի է, ինչպես որ ասում են անգամ ընդդիմության որոշ ղեկավարներ: Այնպես որ, հարկ չկա այդ հարցի շուրջ կատարվող յուրաքանչյուր իրադարձությունը պատել ինտրիգներով: Վերջապես հերիք է մեր պետությունը դիտարկել որպես փալաս: Ի վերջո, եթե այդպես էլ կա, ապա դրա մեղավորը ոչ թե ինչ-որ մեկն է, այլ մենք` հայերս, որ չենք կարողանում ավելի լավ և արժանավոր պետություն ստեղծել:

Հ.Գ. Բելառուսն ու Ղազախստանը, ինչքան էլ չուզենան (չնայած նման փաստ չկա) Հայաստանը, միևնույնն է, միանալու է Եվրասիական միությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել