ArmnewsTV.am-ը գրում է.
Առաջինը առաջին գիծ են գնում գեներալները: Թեկուզ ոչ պատերազմ է եւ ոչ էլ առաջին գիծ, միեւնույն է գեներալներն առաջին գծում են, չնայած խորհրդարանի նախագահի քվեարկությանը պաշտոնապես դեռեւս մեկ-երկու րոպե կա:
Ու սկսվեց: Առաջադրվել է 2 թեկնածու` Հանրապետականից Գալուստ Սահակյանը եւ ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը, որի թեկնածությունը սեփական խմբակցությունը չպաշտպանեց: Ավելին ՀԱԿ-ը ընտրությանն անգամ չմասնակցեց` կողքով անցավ: Բայց ՀԱԿ-ի ոչ բոլոր անդամները պաշտպանեցին խմբակցության դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանը եկավ, ընտրեց ու հայտարարեց, որ Հրանտ Բագրատյանն է իր թեկնածուն:
«Ժառանգություն» խմբակցությունից էլ ընտրությանը մասնակցողներ եղան: Ալիկ Արզումանյանը ոչ միայն մասնակցեց, այլ նաեւ փորձեց փորձված մեթոդը: Լուսանկարահանեց իր քվեաթերթիկը: Հրանտ Բագրատյանը քվեախցիկ մտավ խրոխտ եւ դուրս գալուց հետո հայտարարեց. քվեարկությանը մասնակցում է հանուն լրագրողների:
Ազգային ժողովի նախագահի մյուս թեկնածուն էլ չուշացավ: Գալուստ Սահակյանը քվեաթերթիկը դեռ չէր գցել տուփի մեջ, երբ լրագրողներն արդեն փակեցին նրա ճանապարհը: Առաջինը շնորհակալություն հայտնեց հենց Բագրատյանին` առողջ մրցակցություն ապահովելու համար:
Օրվա գլխավոր ինտրիգը ոչ այնքան թեկնածուների, որքան ոչ իշխանական խմբակցությունների շուրջ էր: Ի սկզբանե ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն հայտարարել էին, որ չեն մասնակցելու ընտրությանը, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը ոչինչ չէին հայտարարել ու մասնակցեցին ազատ ձեւաչափով: Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ` ընտրությանը մասնակցելը յուրաքանչյուր պատգամավորի իրավունքն է:
ՕԵԿ խմբակցությունն էլ ազատ ընտրության հնարավորություն էր տվել իր պատգամավորներին: Սկզբում Հովհաննես Մարգարյանն էր, հետո, երբ կրքերը հանդարտվեցին քվեախցին մոտեցավ Հեղինե Բիշարյանը: Նորահայտ ընդդիմությունը չցանկացավ բացահայտել իր թեկնածուին:
Ուղիղ 13 անց 30 քվեարկությունն ավարտվեց: Պատգամավորները հեռացան ընդմիջման` նորակազմ հաշվիչ հանձնաժողովը` քվեաթերթիկները հաշվելու: Ընդմիջումից անմիջապես հետո պարզ դարձավ, որ 106 պատգամավորներից 101-ը կողմ է քվեարկել Գալուստ Սահակյանին եւ միայն 3-ը` դեմ, եւ կողմ` Հրանտ Բագրատյանին: Գալուստ Սահակյանը խոստացավ իր նախընտրական ծրագիրն իրականացնել ու բարձրացավ իր նոր տեղը զբաղեցնելու, բայց դեռեւս աթոռին հարմարվելու խնդիր կա:
Ընտրության արդյունքում բացահայտվեց, որ ոչ իշխանական առնվազն երկու խմբակցություն կողմ են քվեարկել Հանրապետական թեկնածուին, երեքը չեն մասնակցել: Ինչպիսի՞ն կլինի քառյակի ճակատագիրը այս քվեարկությունից հետո, մանավանդ որ հակասությունները ակնհայտ դարձան Ազգային ժողովի դահլիճում: Ընտրությանը զուգահեռ ազգային ժողովի դահլիճում քննարկվում էր ակցիզային հարկի մասին օրենքի փոփոխությունը: Այն ենթադրում է, որ թանկ ավտոմեքենաների վրա դրված այսպես կոչված շքեղության հարկը պետք է հանել:
Օրինագծին կողմ են հանրապետականներն ու ԲՀԿ-ականները` հարակից զեկուցողը հենց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է: Դեմ են ՀԱԿ խմբակցությունն ու ՀՅԴ-ն: Նրանց կարծիքով 20 տոկոս շքեղության հարկը հանելով խորհրդարանը ցանկանում է սպասարկել մեծահարուստների շահերը, որոնք մեքենաներ կբերեն ու Մաքսային միությյուն մտնելուց հետո մեծ շահույթ կունենան:
Ոչ իշխանական քառյակի հակասությունները երեւացին նաեւ Սեւանից ջուր բաց թողնելու հարցի քվեարկության ժամանակ, որտեղ Կառավարությունն առաջարկել էր հավելյալ ջրառը 5 տարվա փոխարեն իրականացնել 1 տարվա ընթացքում: Նաիրա Զոհրաբյանը ձայն խնդրեց ու հայտարարեց, որ հաշվի առնելով գյուղացիների ոռոգման համակարգի խնդիրները իրենք կողմ են քվեարկում, բայց ընդդիմադիր մյուս պատգամավորները կրկին դեմ քվեարկեցին նախագծին: Արդյունքում այն ընդունվեց:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



