Երեկ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի միջև հեռախոսազրույց: Նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակին, ինչպես նաև Ուկրաինայում աճող լարվածությանը վերաբերող հարցեր: Մեծ հաշվով, կողմերն իրենց մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ ոչ մի հստակ որոշման, կամ էլ համաձայնության չեն եկել, փոխարենը բավական «համոզից և բովանդակալից» հիմնավորել են իրենց համապատասխան գործողությունները, որոնք բնավ չեն նպաստում տարածաշրջանային լարվածության թուլացմանը և Ուկրաինայում ճգնաժամի լուծմանը:
Հեռախոսազրույցի ժամանակ Սերգեյ Շոյգուն իր ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Ռուսաստանն անհանգստացած է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվությամբ իր սահմանների մոտ: Դրան ի պատասխան՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան էլ ասել է, որ իրենք էլ «խորապես անհանգստացած» են Ուկրաինայի արևելքում աճող լարվածությամբ (ակնարկելով, որ դրանում ուղղակի ներգրավվածություն ունի Ռուսաստանը), ինչպես նաև անհանգստացած են Ռուսաստանի կողմից զորքերի աննախադեպ կուտակումներով Ուկրաինայի հետ սահմանում, որն անուղղակիորեն սպառնալիք է ստեղծում նաև իրենց եվրոպացի դաշնակիցների անվտանգության համար: Այս անուղղակի, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանի հանդեպ հնչող մեղադրանքներին Շոյգուն չի հապաղել պատասխանել: Վերջինիս խոսքերով, բոլոր այն պնդումները, որ իբր Ռուսաստանն ինչ-որ ներգրավվածություն ունի Ուկրաինայի արևելքում, անհիմն են, իսկ ինչ վերաբերում է զորքերի կուտակմանը, Շոյգուն շատ հստակ հասկացնել է տվել, որ դրանք եղել են պատասխան՝ Կիևի համապատասխան գործողություններին:
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերով այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ Կիևը կենտրոնացրել է 15.000-անոց զորախումբ` պայքար մղելու «ահաբեկիչների դեմ», որը, ըստ էության, նշանակում է պայքար՝ ընդդեմ սեփական ժողովրդի: Այս պարագայում, ըստ նախարարի, Ռուսաստանը չի կարող պարզապես ձեռքերը ծալած նստել: Վերջինիս պնդմամբ, հենց նման գործողություններն են, որ ստիպում են Ռուսաստանին զորքեր կուտակել սահմանին և անցկացնել զորավարժություններ: Շոյգուի խոսքերով, սակայն, Ռուսաստանը դադարացրել է զորավարժությունները և Ուկրաինայի հետ սահմանին եղած զորքերը վերադարձվել են իրենց տեղակայման վայրեր այն բանից հետո, երբ Կիևից հայտարարեցին, որ բանակը ոչ մի դեպքում չի կիրառվելու ցուցարարների դեմ:
Կարճ ասած՝ տեղի է ունեցել խոսակցություն՝ խոսակցության համար: Շոյգուն զանգահարել էր իր ամերիկացի գործընկերոջը, որպեսզի ինչ-որ ելք գտնեն ստեղծված իրավիճակից, բայց ապարդյուն, փոխարենը միմյանց հանդեպ հնչեցրել են փոխադարձ մեղադրանքներ: Կողմերը նաև շատ լավ կարողացել են «բացատրություն» տալ իրենց գործողությունների համար: Անկեղծ ասած՝ այնպիսի տպավորություն է, որ կարծես ստեղծված իրավիճակի համար ոչ թե մեղավոր են իրենք, այլ, ասենք, Մոզամբիկը: Մի խոսքով, միակ բանը, որի շուրջ եղել է պայմանավորվածություն, երկկողմ խորհրդակցությունները շարունակելն է: Սա էլ գուցե զուտ քաղաքավարության ժեշտ է, որն արվում է բարձր մակարդակի բանակցությունների ավարտին: Այլ կերպ ասած՝ փոխզիջում որպես այդպիսին առայժմ չկա: