Արևմուտքն ուզում է Ռուսաստանի հանդեպ կիրառել ավելի կոշտ, «արդյունավետ» պատժամիջոցներ, բայց, ըստ երևույթին, առայժմ դրանց գործնական և միասնական կիրառումն այդքան էլ չի երևում հորիզոնում: Ինչպես գիտեք, ապրիլի 26-ին G7-ի երկրները հանդիպել էին քննարկելու հենց վերոնշյալ հարցը: Նրանք եկան այն եզրահանգման, որ անհրաժեշտ է ընդլայնել պատժամիջոցների ցանկն ու դրանց բովանդակությունը` համատեղ ջանքերի միջոցով: Վերջում նրանք հանդես եկան նույնիսկ համատեղ հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն հայտնեցին մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա: Բայց գիտեք՝ ինչ, մի բան է հայտարարելն ու անկեղծ ցանկություն ունենալը, միանգամայն այլ` օբյեկտիվորեն կարողանալ դա իրականություն դարձնելը: Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև բավականին բարդ է գտնել ընդհանուր, կոնսենսուսային համաձայնություն Ռուսաստանի հարցում:
Բանն այն է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումից ԵՄ-ը կարող է կրել շատ ավելի մեծ կորուստներ (արդեն իսկ կրում է), քան նույն ԱՄՆ-ն: Վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է ավելի քան 370 միլիարդ դոլար, մինչդեռ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այդ նույն ցուցանիշը կազմում է շուրջ 26 միլիարդ: Տարբերությունը, կարծում եմ՝ ակնհայտ է:
Տեսեք, ԵՄ-ն այսօր կանգնած է լուրջ երկընտրանքի առջև: Մի կողմից, ԱՄՆ-ն ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա, որպեսզի վերջինս կիրառի պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, մյուս կողմից, անդրազգային կորպորացիաները` խոշոր բիզնեսը, ահռելի ճնշում է գործադրում եվրոպացի քաղաքական գործիչների, ղեկավարների վրա, որ ոչ միայն չընդլայնեն պատժամիջոցների ցանկն ու ոլորտները, այլև մեղմացնեն ընթացիկները:
Այնպես որ, այսօրվա դրությամբ Արևմուտքում Ռուսաստանի հանդեպ միասնական քաղաքականություն վարելու վերաբերյալ համաձայնություն չկա, իսկ դրա բացակայությունը թուլացնում է այդ երկրների դիրքերը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է անդրադարձել միասնական քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությանը, երբ երեկ Մալազիայում այդ երկրի վարչապետ Նաջիպ Ռազակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու ԱՄՆ-ն Ռուսաստանի հանդեպ չի կիրառում տնտեսության կոնկրետ ոլորտների հանդեպ պատժամիջոցներ: Վերջինս ասել է, որ դրանք պետք է կիրառվեն ԵՄ երկրների հետ համատեղ այլապես լուրջ արդյունքի հասնել չի հաջողվի:
Կարճ ասած՝ ստեղծված հանգամանքներում կարելի է ենթադրել, որ Ուկրաինական հակամարտության լուծումն առայժմ կձգձգվի, իսկ ուկրաինացիների ճակատագիրն էլ կմնա օդում կախված: