2014-ի փետրվարի 19-ին Թուրքիայի արևմտյան՝ Էգեյան շրջանի Ուշաք քաղաքում կայացավ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը: Ադրբեջանական լրատվամիջոցներն իարդարձությունը ներկայացնում էին՝ որպես «թուրք-ադրբեջանական համերաշխության խորհրդանիշ»:

Ապրիլի 26-ին արդեն հայտնի է դարձել՝ հուշարձանի վրա գրված «ցեղասպանություն» բառը փոխարինվել է «ջարդեր» բառով` soyqırım բառը դարձել է qətliam: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ադրբեջանցիներն իրենց հերթին այս քայլն արդեն որակել են «դավաճանություն»՝ կատարվածում տեսնելով «հայերի միջամտությունը և ճնշումը Թուրքիայի իշխանությունների վրա»:
Նկատենք, որ «ցեղասպանություն» բառը հուշարձանի վրայից հեռացրել են վերջին շրջանում, այսինքն՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին կամ դրան հաջորդած 2 օրերի ընթացքում: Այս դեպքն այնուհանդերձ չի կարելի դիտարկել որպես Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքիայի որդեգրած դիրքորոշման փոփոխման ցուցիչ, սա ընդամենը հերթական ապացույցն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը որպես նույն պետություն դիվանագիտական-քաղաքական հարթակում դիտարկելու կարծրատիպն իրականությունից հեռու է, և Թուրքիան հասկանալի պատճառներով սկսել է զգուշորեն վերաբերել «ցեղասպանություն» եզրույթին:
Հավելեմ նաև, որ Ուշաք քաղաքը Զմյուռնիայից (Իզմիր) 210 կմ հեռավորության վրա է, Քյոթահյայից դեպի հարավ, լեռնային տեղանքում, նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է, բնակիչների շրջանում հայերի զգալի թվաքանակի մասին պաշտոնական տվյալներ չկան, ուստի հայերի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների վրա ճնշումը թերևս իրատեսական չէ: Փոխարենը գավառի ՏԻՄ նախկին ղեկավարությունն աչքի էր ընկնում ադրբեջանամետ դիրքորոշմամբ: 
Մարտի 30-ին Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրված նոր ղեկավարության դիրքորոշման մասին ներկայումս վաղ է խոսել, սակայն ադրբեջանական լրատվակայքերն արդեն իսկ քաղաքային խորհրդի նոր նախագահ ոմն Նուրուլ Ջահանին մեղադրում են հուշարձանի գրության փոփոխությանը կողմ լինելու համար՝ միաժամանակ ընդգծելով՝ գրության փոփոխության հրամանը Թուրքիայի իշխանությունների կողմից էր:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել