Hayeli.am-ը գրում է.
Այսպիսով՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունն է կուսակցությունն առաջադրելու խորհրդարանի խոսնակի թափուր մնացած պաշտոնում։Անշուշտ, ինֆորմացիոն արտահոսքերի շնորհիվ հանրության մեջ աշխարհացունց մտքերով ու միայն իրեն բնորոշ բառ ու բանով հայտնի Գրիգորիչի թեկնածությունը քչերին անակնկալի բերեց,թեպետ ներկա իրողությունում ամենաանսպասելի կադրային տեղաշարժերն էլ քչերի զարմանքն են հարուցում։Լա՞վ է Ի դեմս Գալուստ Սահակյանի ներկայացվող տարբերակը, թե՞ ամենավատը լավագույնների մեջ, կամ ապացույցն այն բանի, որ ՀՀԿ-ում կադրային ճգնաժամ կա եւ լավ օրից չէ, որ Գալուստ Գրիգորիչն են առաջարկում դարձնել երկրի երկրորդ դեմքը, սրանք հարցեր են , որոնք արդեն քննարկվել եւ դեռ շարունակվելու են, բայց սա չէ մեր գլխավոր նյութը, հատկապես, այլ այն, որ դեռ վաղ է Գալուստ Սահակյանին ներկայացնել ԱԺ նախագահ, առավել եւս, որ մեծ է հավանականությունը, որ վերջինը կարող է չընտրվել այդ պաշտոնում։ Ըստ կարգի երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայի առաջին նիստի օրը կկազմակերպվեի փակ գաղտնի քվեարկություն եւ անհրաժեշտ է օրենսդիրների կեսից ավելիի քվեն, որպեսզի Սահակյանը դառնա խորհրդարանի ղեկավար, այսինքն՝66 քվե։ Առաջին հայացքից որեւէ խնդիր չկա, ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն ունի՝ 70 պատգամավոր եւ առանց մտահոգվելու կարող է անցկացնել ցանկացած օրինագիծ ու հարց։ Բայց փաստ է, որ ինչպես քաղաքական դաշտում,ԱԺ-ում եւս ուժերի դասավորությունը փոխվել է եւ բոլորը խաղում են ՀՀԿ-ի դեմ, այս անգամ չեն լինի նաեւ ՕԵԿ-ի վեցը պարտաճանաչ պատգամավորները, իսկ քառյակը կարող է իսկապես անակնկալ մատուցել եւ բոյկոտել ընտրությունները։ Թեպետ այստեղից հայտարարությունները դեռ այդ մասին չեն խոսում, բայց անգործության եւ կազմաքանդման եզրին հայտնված քառյակի համար բոյկոտը առավել քան հրամայական է՝ դեմքը փրկելու եւ իրենց առաքելությունն արդարացված համարելու։ Ի վերջո, միայն այդպիսով ՀՀԿ-ին կարող են ծանր դրության մեջ դնելը։ Ի դեպ,
ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ՀՀԿ-ի կողմից Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրելուց հետո, Yerkir.am-ի հետ զրույցում, կիսվել է իր խիստ անձնական տեսակետով եւ փորձել սրամտել․«տեղի կունենան ԱԺ նախագահի փակ գաղտնի ընտրությունները, արդյունքներն էլ ինքնին կերևան»: Հարցին, թե քառյակն այս պահին ունի ՞ միասնական դիրքորոշում․«Որոշումը` Գալուստ Սահակյանին առաջադրելու, եղել է մեկ ժամ առաջ, և բնականաբար ես կախարդական փայտիկ չունեմ, որպեսզի ԲՀԿ-ի քաղխորհրդի, առավել ևս քառյակի նիստ գումարեմ, և միասնական դիրքորոշում ձևավորենք»: Փոխարենը ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանն է ակնարկել․«ԱԺ նախագահի ընտրություններում քառյակը հնարավոր է հանդես գա միասնական դիրքորոշմամբ»:Իսկ միասնական այլ որոշում, քան բոյկոտն է, պարզապես ծիծաղ կարող է առաջացնել, որովհետեւ ինչպես գլխավոր դատախազ Կոստանյանի թեկնածության քվեարկության դեպքում տեղի ունեցավ քաղաքական հանելուկ, նույնն էլ չի բացառվում այս պարագայում։Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարեցին, որ դեմ են ՀՀ գլխավոր դատախազի՝ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Գեւորգ Կոստանյանին, բայց փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Կոստանյանը ստացավ ընդամենը երեք դեմ, որից հետո ընդդիմադիրները ՀՀԿ-ին մեղադրեցին ընտրությունները կեղծելու մեջ։Ինչ-ինչ, բայց քառյակին ամենաշատը պետք է հետ պահի նման հեռանկարը եւ ավելորդ անվստահություն իրենց շուրջ ստեղծելը։
Թեպետ ոչ իշխանական մի շարք պատգամավորներ, եւ հատկապես ՀՅԴ-ականներ, կարղ են շատ ծանր տանել անգամ հայտարարելով, որ դեմ են քվեարկելու Սահակյանի թեկնածությանը, որի հետ ամեն օր աղ ու հաց են կիսում ու բաժակ խփում։Ընդդիմադիր վարկանիշը վերականգնելու գրեթե անհնարին ճանապարհի վրա կանգնած ՕԵԿ-ը տրամաբանորեն եւս պետք է հրաժարվի ընտրություններից՝ թեկուզ ՀՀԿ-ին զգացնել տալով իր <կարեւորությունը>։ Իսկ, երբ ՀՀԿ-ն միայնակ գնա, ապա չի բացառվում, որ կրկին գլուխ բարձրացնեն ներսի <ընդդիմադիրները>, ինչպես եղավ Վարդան Օսկանյանին մանդատից զրկելու ժամանակ եւ ոչ իշխանականները թեպետ բոյկոտեցին, բայց վեց դեմ եղավ, ․․․մանավանդ որ քիչ աչք չկա ԱԺ նախագահի պաշտոնի վրա։
Անի Սահակյան