Տեսանյութում երևում է, թե ինչպես է 300 զինվոր տեղափոխող թուրքական ռազմական մեքենաների շարասյունն ացնում Սիրիայի հյուսիսային հատվածում տեղակայված քրդական անցակետերը՝ հասնելու համար թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավրության վրա՝ Հալեպից ալ-Հասաքա տանող ճանապարհին՝ Կարակոզակ վայրը, որտեղ գտնվում է Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապի՝ Շահ Սուլեյմանի դամբարանը:
Համաձայն 1921 թ. Ֆրանսիայի և Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրի՝ մոտ 10 հազար ք/մ կազմող տարածքը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության սեփականությունը, որի պաշտպանությունը մինչ այս իրականացնում էին 30 թուրք զինվորական: 
Արդեն ավելի քան 3 տարի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում թուրքական իշխանությունները բազմիցս են հայտարարել տարածքի անվտանգության ապահովման հարցում իրենց պատրաստակամության մասին, ավելին, տարածքի դեմ հարձակումը դիտարկել նաև Թուրքիայի կողմից՝ Սիրիա ռազմական ներխուժում իրականացնելու համար անհրաժեշտ պատճառ (այդ նպատակով նույնիսկ սադրիչ գործողության միջոցով սցենարներ են քննարկվել անգամ թուրքական իշխանական վերնախավում): 
Այժմ Կարակոզակը և հարակից տարածքները գտնվում են սիրիական վարչակարգի, նաև ընդդիմադիր որոշ կառույցների դեմ հանդես եկող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության վերահսկողության ներքո, որը բազմիցս է սպառնացել թուրքական իշխանություններին ահաբեկչական գործողություններ իրականացնել նույնիսկ Թուրքիայի տարածքում:
Ըստ որոշ տեղեկությունների՝ արդեն համալրված թուրքական ստորաբաժանման և իսլամականների դիրքերի միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 200 մ. այս պարագայում, ցանկության դեպքում նույն սադրանքների դիմելն այնքան էլ մեծ ջանքեր չի պահանջում...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել