Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի առաջին հատվածը վերաբերել է հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Այս ելույթը հատկապես ուշագրավ էր Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ հայ ժողովրդին հղած ուղերձի և դրա շուրջ ԱՄՆ-ում ու Եվրոպայում անհամարժեք ոգևորության ֆոնի վրա: Այսպես` նախագահ Սարգսյանը փաստում է, որ Եվրոպական Միության անդամակցությանը ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսափել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողական քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին` Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների: Սա, ըստ էության, Էրդողանի «հուզական հումանիզմի» տարրերով և նենգափոխած շեշտադրումներով հայտարարությանը խիստ ռացիոնալ և փաստարկված պատասխան էր: Այս տրամաբանության շրջանակներում է տեղավորվում ելույթի հետևյալ հատվածը. «Պարադոքսալ է, բայց փաստ` ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ ԵՄ-ում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը` հիմնարար սկզբունք»:
Մի խոսքով, ակնհայտ է, որ Էրդողանի այս և, վստահաբար,հարյուրավոր նմանօրինակ ուղերձներ ոչինչ չեն փոխելու: Այս դեկլարատիվ հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու, մոլորեցնելու միջոց, որով, չգիտես՝ ինչու, խանդավառվել են ոմանք: Իսկ մենք, փառք Աստծո, համապատասխան իմունիտետ ունենք թուրքական սուտն ու կեղծիքը չընդունելու և դրանցով չտարվելու համար: Ինչպես ասում են. «Մեր փորձը տառապանք ունի կամ հակառակը` մեր տառապանքը փորձ ունի»: