BlogNews.am-ի գլխավոր խմբագիր |
Մարտի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մեքենաս կայանեցի Կիևյան – Օրբելի փողոցների խաչմերուկում գտնվող կանգառում: Մեկ ժամ հետո վերադառնալով մեքենայիս մոտ՝ նկատեցի, որ նրան հարվածել են, քերել են դուռը, ջարդել ձախ հայելին ու դիմել փախուստի: Անմիջապես զանգահարեցի ոստիկանություն ու տեղեկացրի դեպքի մասին: Ոստիկանները եկան ու սկսեցին անորոշ հայացքով վրաս նայել ու բացատրել, որ ավելի լավ կլինի ինքս սարքեմ մեքենաս, որովհետև հետաքննությունը կարող է տևել մինչև 3 ամիս: Երբ աչալուրջ ոստիկաններին ցույց տվեցի դիմացի խաչմերուկի վիդեոնկարահանող սարքը, որը 24 ժամ նկարահանում է խաչմերուկը և այն հատվածը, որտեղ ես կայանել էի, և ասացի, որ այս դեպքը անգամ երեխան կբացահայտի, ոստիկանների դեմքի արտահայտությունը փոխվեց և կանչեցին ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ՃՏՊ գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության բաժնի տեսուչ, ավագ լեյտենանտ Գեղամ Ծառուկյանին, ով և դարձավ պատմության հիմնական հակահերոսը:
Ծառուկյանը կատարեց իր չափումները և խոստացավ երկու օր հետո զանգահարել ինձ, երբ արդեն նայած կլինի բախման կադրերը և պարզած կլինի, թե ով է եղել հարվածողը: Երկու օրը դարձավ մեկ շաբաթ, մեկ շաբաթը՝ 10 օր: Հասկանալով, որ խիստ պատասխանատու Ծառուկյանն ինձ այդպես էլ չի զանգելու, գնացի նրանց բաժին: Տեղում Ծառուկյանն ինձ հայտնեց, որ դեպքը, ցավոք, չի հաջողվել բացահայտվել, քանի որ նա տեսախցիկների կողմից ֆիքսված տեսաձայնագրությունից ընդամենը 20 րոպե է նայել, որի ընթացքում բախում չի եղել: Երբ հարցրի, թե ինչու հաջորդ 20 րոպեն չի նայել և ինչու է բավարարվել իր նայած 20 րոպեով, Ծառուկյանն ինձ ախպերավարի բացատրեց, որ շատ ծանրաբեռնված գրաֆիկ ունի և մի դեպքին այդքան ժամանակ չէր կարող հատկացնել, ինձ էլ խնդրեց հանգստանալ և հաշտվել իրականության հետ: Երբ Ծառուկյանին բացատրեցի, որ պրոբլեմներ կունենա դեպքն ըստ արժանվույն չքննելու և իմ ակնկալած լուծումը չտալու դեպքում, նա սկսեց արդարանալ, որ տեսաձայնագրությունները երկու օրից ավել չեն պահպանվում, և այդ պայմաններում դեպքի բացահայտման հնարավորությունը զրոյական է: Փաստացի ստացվեց այնպես, որ տեսուչի անպատասխանատվության, ալարկոտության ու քաղաքացուն չհարգելու պատճառով ես եմ ստիպված լինելու իմ միջոցներով վերանորոգել մեքենաս: Բարեբախտաբար, մեքենաս նաև ԿԱՍԿՈ ապահովագրված է, բայց իմ ապահովագրական ընկերությունը ամեն վթարից չի փոխհատուցում մոտ 60.000 դրամ: Այսինքն, եթե վթարի արժեքը 100.000 դրամ է, նա ինձ կփոխհատուցի ընդամենը 40.000: Այսինքն՝ ամեն դեպքում տուժում եմ 60.000 դրամ:
Չգիտես՝ ինչու, վստահ եմ, որ նման թափթփված վերաբերմունք առաջին անգամը չէ, որ դրսևորվում է, ու վստահ եմ, որ տեսուչ Ծառուկյանի ու նրա վերադաս Հ.Ք. Մարգարյանի անփութության արդյունքում շատ քաղաքացիներ են տուժել: Եթե ոստիկանությունում չգիտեն այս բացառիկ կադրերի անգործունակության մասին, ու դրա համար է, որ չեն պատժում նրանց, ապա հրավիրում եմ ձեր ուշադրությունը այս դուետի վրա: Առայժմ կբավարարվեմ այս բողոքի նոտայով ու կսպասեմ, թե ինչ պատիժ կհետևի սրան: Շնորհակալություն ուշադրության համար: