Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ծառայեց իր նպատակին: Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի, հերթական անգամ թոզ փչեց աշխարհի, հատկապես Արևմուտքի աչքերին, թե իբր ցանկանում է տեղից շարժել հայ-թուրքական՝ այդպես էլ չկայացած երկկողմ հարաբերությունները, իսկ Արևմուտքն առանց երկար-բարակ «մտածելու» հալած յուղի տեղ ընդունեց Էրդողանի ասածը:
Երեկ թե´ ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Ջեն Փսակին, թե՛ Եվրամիության Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել են Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը, ասել է թե, ողջունել են ԱՄՆ-ն և ԵՄ-ն: Ջեն Փսակին մասնավորապես ասել է հետևյալը. «Մենք ողջունում ենք վարչապետ Էրդողանի կողմից 1915թ. ընթացքում հայերի կրած տառապանքների պատմական փաստի հրապարակայնորեն ընդունումը: Հույս ունենք, որ ապագայում կարող է տեղի ունենալ փաստերի ամբողջական ու արդարացի ճանաչման դեպք, ինչը կնպաստի հայերի ու թուրքերի հաշտեցմանը»: Ֆյուլեի արձագանքը, ըստ էության, նույն շեշտադրմամբ էր: Վերջինս էլ իր հերթին ասել է, որ ողջունում է վարչապետ Էրդողանի հայտարարությունը հայերի վերաբերյալ, քանի որ հաշտեցումը ԵՄ կարևոր արժեք է և վերջում էլ հույս է հայտնել, որ այս ոգով անպայման քայլեր կարվեն:
Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, որ ԵՄ-ում կամ էլ ԱՄՆ-ում այնքան միամիտ են և ամբողջությամբ չեն կարդացել Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, որ կարողանային ավելի խորը վերլուծություն անել դրա բովանդակության և ուղերձի վերաբերյալ: Ընդհակառակը, նրանք շատ էլ լավ հասկանում են, թե որոնք են Թուրքիայի իրական դրդապատճառները նման հայտարարություններ անելու համար:
Ինձ մոտ, չգիտես, թե ինչու, այնպիսի տպավորություն է, որ Արևմուտքը պարզապես առիթ է փնտրում, որպեսզի խուսափի Թուրքիային քննադատել այս հարցում, առավել ևս, երբ դրա համար համապատասխան նախադրյալներ չկան Արևմուտքի և Թուրքիայի հարաբերություններում: Վստահ եմ, որ Արևմուտքում լավ էլ կկոշտացնեն իրենց դիրքորոշումը, եթե հանկարծ Թուրքիան մի քիչ շեղվի իրենց համար նպաստավոր քաղաքական կուրսից: Իսկ քանի դեռ այդպիսի բան չի եղել, իսկ Թուրքիան էլ լավ առիթ է տալիս իրենց համար խուսանավելու այս հարցից, նրանք պահը չեն կորցնում դրանից օգտվելու համար:
Դժբախտաբար, իրականությունն ինձ այսպիսին է թվում: