Երեկ ՌԴ նախագահը հերթական ուղերձը հղեց Արևմուտքին, որին անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել: Վլադիմիր Պուտինը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այդ երկրի արևելքում ծայր առած ճգնաժամին և առհասարակ Ուկրաինական հակամարտությանը: Վերլուծելով ներկա պայմանները` վերջինիս եկել է այն համոզմանը, որ իրենք ժամանակին ճիշտ են արել, որ զորք են մտցրել Ղրիմ, քանի որ հակառակ դեպքում ղրիմցիները չէին կարողանա ազատորեն օգտվել իրենց կամաարտահայտման իրավունքից: Պուտինի ասելով` Ղրիմը կհայտնվեր նույն այն վիճակում, որում որ հայտնվել է այժմ Ուկրաինայի արևելքը:
Տեսեք, բանն այն է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը որոշում է կայացրել մայիսի 11-ին անցկացնել համաժողովրդական հանրաքվե, որը պետք է որոշի այդ տարածքում ապրող մարդկանց և տվյալ շրջանի, որն իրենք արդեն կոչում են հանրապետություն, հետագա կարգավիճակի հարցը: Էլ չեմ ասում, որ Դոնեցկում ավելի հեռուն գնացող ծրագրեր կան, ըստ որոնց, հանրաքվեի արդյունքներից կախված հետագայում կարող է ձևավորվել «Նովոռոսիայի Դաշնային Հանրապետություն»: Տվյալ դաշնությունը պետք է տեսականորեն ներառի իր մեջ երկրի ամբողջ հարավն ու արևելքը:
Ասած այն է, որ ներկայումս չի բացառվում, որ Պուտինն ակնարկում է, որ կարող է այս անգամ ևս զորք մտցնել Ուկրաինայի ապստամբած շրջաններ և, այսպես ասած, «ապահովել այդ տարածքներում բնակվող ժողովրդի իրավունքները՝ ներառյալ կամաարտահայտման իրավունքը»: Ինչպես որ սկզբում նշեցի, կարծում եմ՝ Պուտինի խոսքերին անհրաժեշտ է շատ մեծ ուշադրությամբ հետևել: Ի վերջո, սա արդեն առաջին անգամը չէ, երբ Պուտինի մտքերն ու անուղղակի, ինչպես նաև ուղղակի ուղերձները իրականություն են դառնում Ուկրաինական հակամարտության համատեքստում:
Այլ կերպ ասած՝ ռուսներն ամեն րոպե կարող են ներխուժել Ուկրաինա: