Politics.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին առաջին անգամ հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանի հետ:

- Պարոն Անանյան, առաջին անգամն է, որ Թուրքիայի վարչապետը ապրիլի 24-ի նախօրեին դիմում է հայ ժողովրդին: Որոշ միջազգային լրատվամիջոցներ էլ ասում են, թե Թուրքիայի վարչապետն առաջին անգամ ցավակցեց հայերին: Ինչպե՞ս կգնահատեիք Էրդողանի նման քայլը:

- Էրդողանն իր հայտարարությամբ փորձում է հավասարության նշան է դնել զոհի և դահճի միջև` համեմատելով զոհի վերապրած ցավը դահճի չապրած ցավի հետ: Թուրքիայի քաղաքական ու լրատվական իսթեբլիշմենթն ամեն ինչ անելու է տեղի ունեցածը որպես պատմական իրադարձություն ներկայացնելու համար: Իրականությունն այն է, որ գագաթնակետին է հասել Թուրքիայի վախը, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվելու է:

Պատմությունը փաստում է, որ Թուրիքայի ցուցադրական-էպատաժային քայլերը միշտ նախորդում են անշրջելի գործընթացներին: Այսինքն` տեսնելով, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունը դատապարտվելու է, թուրքական կողմը մատնվում է խուճապի, ու այս անգամ խուճապի դեմքը Էրդողանի այսօրվա հայտարարությունն է:

Գիտեք` եթե Թուրքիան իսկապես ազնիվ ու արդար լիներ իր մոտեցումներում, ոչինչ չէր խանգարի մեր հարևանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրա փոխարեն Թուրքիան կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը: Անկարան որևէ քայլ չի անում Օսմանյան Թուրքիայում նախապարտաստված ու իրականացված հանցագործության դատապարտման ուղղությամբ: Էրդողանի խոսքում այդ մասին որևէ բան չկա:

- Վերլուծելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` կարո՞ղ եք նախանշել թուրքական ժխտողականության նոր բնութագրիչները:

- Իրավացի եք` Թուրքիայի վարչապետի հայտարարությունը վկայում է, որ պաշտոնական Անկարան զարգացնում է ժխտողականության գործիքակազմը:

Թուրքիայի վարչապետը, ավելի շատ կարևորում է ոչ թե պատմական ճշմարտությունը, այլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից խուսափելը: Հայտարարության անգամ հպանցիկ ուսումնասիրությունը վկայում է, որ պաշտոնական Անկարան ոչ մի նոր բան չի ասում: Տեղի է ունենում թուրքական արտաքին քաղաքական դոկտրինի վերաշարադրանքը` միայն համաշխարհային հանրությանը և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում շահագրգռիռ կողմերին մոլորության մեջ մտցնելու նպատակով: Հայտարարությունում օգտագործվող բառամթերքը նոր չէ, այն թուրքական ժխտողական թեզերի ամփոփ վերաշարադրանքն է: Էրդողանի վկայակոչած «ընդհանուր ցավը» թուրք քաղաքական վերնախավի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը ոչ զգում է, ոչ էլ երբևէ զգացել է: Բարոյական առումով, Էրդողանի հայտարարությունը շատ ավելի վտանգավոր է, քանի որ այն շահարկում է հայ և Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա ժողովուրդների պատմական հիշողությունը: Մնացյալի մասով՝ Էրդողանը վերաձևակերպում է թուրքական պատմագրության կողմից չարչրկված թեզերը` թե՛ պատմաբանների հանձնաժողովի, թե՛ իբր բաց արխիվների, թե իրադարձությունների ընկալման առումներով: Ամենից կարևորն այն է, որ հայտարարությունում չկա զղջում, չկա Թուրքիայի կողմից այդ գործողություններին ճշմարիտ գնահատական տալու փորձ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել