1in.am-ը գրում է.

ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին հաստատում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն ուկրաինական իշխանությունների գործողությունների վրա ԱՄՆ-ի ազդեցության մասին չի համապատասխանում իրականությանը:

«Կարծում եմ, որ հարցազրույցում նրա հայտարարություններից շատերը ծիծաղաշարժ են և հիմնված չեն իրական փաստերի վրա: Նրա հռետորությունն անարդյունավետ է»,- ասել է Պսակին՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Նրա փոխանցմամբ՝ խոսքը մասնավորապես Ուկրաինայում հակաահաբեկչական օպերացիայի անցկացմանն ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ հայտարարության մասին է:

Զինվորականներին երկրի հարավ-արևելքից դուրս բերելու մասին Կիևին ուղղված Մոսկվայի կոչերը Պետդեպն օրինական չի համարում: «Դա Ուկրաինան է, դա նրանց երկիրն է ու նրանց պատասխանատվությունը»,- ասել է Պսակին:

Հարցին՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ը հավակնություններ առաջադրում ռուսական տարածքում ռուսական զորքերի տեղակայմանը, նա պատասխանել է, որ հանգամանքները միանգամայն այլ են: 

Ավելի վաղ Լավրովը Russia Today-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը հույս ունի, թե ԱՄՆ-ն Ուկրաինայում չի մտածի միայն իր աշխարհաքաղաքական շահերի մասին: Լավրովը համոզված է, որ «Ուկրաինան աշխարհաքաղաքական պայքարում չզիջելու Ամերիկայի ցանկության դրսևորումներից մեկն է միայն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել