Newsbook.am-ը գրում է.

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել.  «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք խնկարկում ենք Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Մեկուկես միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի հանցագործության, որն այն ժամանակ դեռ անուն չուներ: Մարդկային որեւէ լեզու դեռ չէր հորինել նման արտահայտություն կամ բառեզր: Նրանք զոհվեցին պարզապես նրա համար, որ հայ էին: Նախօրոք եւ մանրամասնորեն ծրագրված ոճրագործությունն ուներ հստակ նպատակ. բնաջնջելով ժողովրդին՝ տիրանալ նրա բնօրրան-երկրին, նրա ունեցվածքին եւ հազարամյակների ժառանգությանը: Այսպիսով իրականացվում էր հայությանը, որպես քաղաքական գործոն, պատմության թատերաբեմից ընդմիշտ վերացնելու հրեշավոր նախագիծը»:

Այն, ինչ ասված է ուղերձի առաջին հատվածում, միանգամայն տրամաբանական է՝ նախագահի դատապարտող խոսք՝ նվիրված 99 տարի առաջ Թուրքիայի ձեռամբ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանության: Սակայն այն, ինչ ասված է ուղերձի երկրորդ հատվածում, ուղղակի դիմանալու բան չէ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք մոտենում ենք ուղղվող մեջքով, բաց ճակատով եւ պետությամբ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն համայն հայության հայրենիքն է, որը, չնայած տասնամյակներ շարունակվող անօրինական շրջափակմանն ու «ոչ պատերազմ–ոչ խաղաղություն» իրականությանը, շարունակում է իր առաջընթացը»: Առնվազն Սերժ Սարգսյան պետք է լինել անգամ Ցեղասպանության 99-ամյակին, երբ ողջ հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի բնորոշմամբ՝ խնկարկում է անմեղ զոհերի հիշատակը, ստել ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների առաջ:

Խոսքը այն ՀՀ քաղաքացիների մասին է, ովքեր իրենց մաշկի վրա են զգում Հայաստանի Հանրապետություն կոչվող պետության ոչ մի կերպ չուղղվող մեջքի հետևանքները, Սփյուռքի մեր այն հայրենակիցների, ովքեր գալով հայրենիք՝ բախվում են դառը իրականությանը՝ վերջապես հասկանալով, թե ինչու մեծ աղետների ժամանակ Հայաստանն այդպես էլ չի հասցնում ճիշտ պահին կանգնել իրենց կողքին: :

Մարինա Բաղդագյուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել