Հայաստանում սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն չկա: Գուցե առկա է սահմանադրական ճգնաժամ, սակայն այն ոչ թե կառավարման ձևի առանձնահատկության, այլ սահմանադրականության, դրա գաղափարա-արժեհամակարգային և ազգային համաձայնության էության կորստի պատճառով է: Հետևաբար, այստեղ խնդիրը պետական բարձրագույն մարմինների մոտեցման մեջ է, որը հնարավոր է շտկել նաև կիսանախագահական կառավարման ձևի պայմաններում: Ի վերջո, պառլամենտական կառավարման ձևը չի խոստանում դեմոկրատական ռեժիմի հաստատում, քանի որ կարևոր է քաղաքական կամքի առկայությունը, իսկ դեմոկրատիան հնարավոր է նաև նախագահական և կիսանախագահական կառավարման ձևերի պայմաններում: Իհարկե, դեմոկրատական ռեժիմներ առավել շատ պառլամենտական տիպի երկրներում են, սակայն կան նաև այնպիսիք, որոնք ամենևին էլ դեմոկրատական չեն, օրինակ՝ Դոմինիկա, Պակիստան, Եթովպիա, Նեպալ, Մոնղոլիա, Սոմալի և այլն, և հակառակը՝ կան կիսանախագահական երկրներ, որտեղ առկա է դեմոկրատական ռեժիմ՝ Պորտուգալիա, Ֆրանսիա, ինչ-որ առումով նաև՝ Ռումինիա: Այստեղ կարևոր է համապատասխան քաղաքական կուլտուրան թե վերևինների, թե ներքևինների մոտ, որը չի խոչընդոտի պառլամենտարիզմի կայացմանը: Թույլ դեմոկրատիաներում, ինչպիսին Հայաստանն է, սոցիալ-քաղաքական ինստիտուտները, պետական կառավարման կառուցվածքները կարող են չադապտացվել պառլամենտարիզմի արժեքային և ինստիտուցիոնալ բովանդակությանը, և վարչապետն ունի հնարավորություն ստանալու շատ լայն լիազորություններ, իրենից կախվածության մեջ դնելու պառլամենտը, իր ձեռքում կենտրոնացնելու կառավարությունը և պետական իշխանությունը, ինչպես որ՝ նախագահը կիսանախագահականի դեպքում, սակայն ուժեղ կառավարության դեպքում կարող է առաջանալ հակակշռում: Կիսանախագահականի դեպքում հնարավոր է խորհրդարանում մեծամասնություն կազմի այն կուսակցությունը, որը չի աջակցում նախագահին, ինչի արդյունքում նույնպես կառավարության և նախագահի միջև կհաստատվի իշխանության հակակշռման մեխանիզմ, ինչը հնարավոր չէ պառլամենտականի դեպքում, երբ վարչապետ պետք է դառնա այն անձը, ում կուսակցությունը կազմում է մեծամասնություն: Քաղաքական կուլտուրայի տեսանկյունից նույնպես առկա են խոչընդոտներ, քանի որ մեզ մոտ ավելի շատ առկա է ենթակայական տիպի քաղաքական կուլտուրա, որտեղ նախագահի խորհրդանշական ֆունկցիան կարևոր դերակատարություն ունի ազգային միասնության առումով, իսկ վերջինս, համաձայն նշանավոր քաղաքագետ Ալմոնդի, հանդիսանում է դեմոկրատական կոնսոլիդացիայի կարևոր նախապայման, քանի որ թույլ չի տալիս սոցիալական բևեռացում կամ անհանդուրժողականություն: Մյուս առումով, նախագահը հանդիսանում է ակնկալիքների իրականացման ֆիգուր: Եվ վերջապես, պատերազմական իրավիճակում, ռեսուրսների մոբիլիզացման համար լավագույն կազմակերպչական ինստիտուտը նախագահի ինստիտուտն է, քանի որ անհրաժեշտ է մեկ ձեռքում կենտրոնացնել ամբողջ ռեսուրսները արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար: Բնականաբար, վերը բերված փաստարկներն աշխատող են լեգիտիմ նախագահի դեպքում, միևնույնն է, ոչ լեգիտիմ վարչապետը նույնպես համակարգային աղետ է: Հետևապես, ավելի կարևոր է ընտրական համակարգի փոփոխությունը՝ խառից համամասնականի: Չնայած մեծամասնական ընտրական բանաձևը նույնպես ունի առավելություններ, սակայն Հայաստանի պայմաններում այն չի աշխատում, քանի որ ոչ թե տեղի է ունենում համայնքի իրական ներկայացուցչականության ապահովում, այլ թաղային հեղինակության իշխանության ամրապնդում: Համամասնական ընտրական բանաձևը հենց դեմոկրատական ռեժիմի պրոգրեսի ամենալավ նախապայմաններից է Հայաստանի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել