1601561 470679363038338 72351023 nTatron.info-ն գրում է.

Այս տարի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն դերասան» տիտղոսին արժանացավ Համազգային թատրոնի դերասան Գագիկ Մադոյանը: Թե որքանով էր անակնկալ դերասանի համար մրցանակ ստանալը, և ինչպիսի է դերասանը թատրոնից դուրս և թատրոնի ներսում, փորձեցինք պարզել մեր փոքրիկ հարցախույզի միջոցով:

gagikmadoyan1

Սպասո՞ւմ էիք, որ կդառնաք տարվա լավագույն դերասան : 
-Անկեղծ ասած չէի սպասում, նույնիսկ մտքովս էլ չէր անցնում: Ինքս իմ մասնագիտության նկատմամբ երբեմն հիասթափություններ եմ ունենում: Զգում էի, որ միապաղաղություն կա, բայց հենց այդ մրցանակը ստացա, ինչ-որ բան շուռ եկավ ներսումս: Երբ հայտնվում եմ այդպիսի հանգամանքներում, միշտ մի դուռ է բացվում, ու ես ավելի երջանիկ եմ զգում ինձ: 

Երբևէ խաղացե՞լ եք Ձեզ համար ոչ հոգեհարազատ դերեր: 
-Այնպիսի դերեր կան, որ ես չեմ սիրում, բայց ես իրավունք չունեմ չխաղալու, իրավունք չունեմ ոչ պրոֆեսիոնալ կերպ մոտենալու դերին: Ես ինձ չեմ համարում այն դերասանը, ում մոտ բոլոր դերերը հանճարեղ են ստացվում: Ես, երևի ընդունակ մարդ եմ, ով կարողանում է բեմում հետաքրքիր բաներ անել: 

Եղե՞լ է այնպես, որ բեմում անհարմար իրավիճակում հայտնվեք: 
-Մի քանի տարի առաջ «Ա՜խ, կանայք, կանայք» ներկայացման կեսից լույսերն անջատվեցին: Դա նշանակում էր, որ պետք է վարագույրը փակեր, դերասանները ներողություն խնդրեին հանդիսատեսից և ներկայացումը չշարունակվեր: Ես այդ ժամանակ իմ խաղընկերուհուն խնդրեցի, որ մոմեր բերի և վառի: Մոմերը վառեցինք և ամբողջ ներկայացումը մոմի լույսի ներքո անցավ:

1601561 470679363038338 72351023 n

Մոմերը բավականեցրի՞ն: 
-Ասեմ, թե ինչպես բավականեցրին: Մի քանի մոմ դրեցինք սեղանին, մի քանիսը՝ բեմի մյուս հատվածներում և երկու մոմ պահեցինք մեզ մոտ: Իսկ ով խոսում էր, մոմերը մոտեցնում էինք նրան, որ դեմքը լուսավորվեր: Հաջորդ օրը զանգեր եղան, թե չունե՞ք մոմի լույսերով ներկայացում: Դա բեմադրված չէր, բայց հանդիսատեսը մեծ դժվարությամբ էր հավատում, որ իսկապես հոսանքազրոկւմ էր եղել: 

Բացի դերասանությունից ուրիշ ինչո՞վ կցանկանայք զբաղվել: 
-Ես հիմա վերապատրաստվում եմ բարձրագույն կինոռեժիսորական դասընթացներում՝ Ռոման Բալայանի կուրսում, և շուտով կնկարահանեմ իմ դիպլոմային ֆիլմը, որից հետո կինոռեժիսորի որակավորում կստանամ: 

Կա՞ հայ կամ այլազգի ռեժիսոր, ում հետ կցանկանայք աշխատել: 
-Ես շատ կցանկանայի աշխատել իտալացի կինոռեժիսոր Պաուլո Սորենտինոյի հետ: Ես չեմ էլ ուզում երազել դրա մասին, որովհետև կարծում եմ՝ անհնար է: Իր ֆիլմերը երբ նայում ես, հասկանում ես, որ Իտալիայի վերջին տաղանդներից մեկն է: Հայ բոլոր կինոռեժիսորների հետ կցանկանայի աշխատել, իհարկե, կապված նաև դերից: Թատրոնի ռեժիսորներից` Արթուր Սահակյանի և Նիկոլայ Ծատուրյանի հետ կցանկանայի աշխատել: Ես ներմուծվել եմ Նիկոլայ Ծատուրյանի ներկայացման մեջ, սակայն կցանկանայի զրոյից աշխատել, այսինքն չզբաղեցնել ուրիշի դերը: 

10153878 494701207302820 406134029 n

Կցանկանայիք ներկայացում բեմադրե՞լ , թե՞ ֆիլմ նկարահանել: 
-Ես վախենում եմ բեմադրություններ անել: Դա կինո չէ, որ կարողանաս խաբել:Կինոյում կարող ես լավ մոնտաժ անել, նորից նկարել թերությունները, կարող ես ստանալ այն որակը, որը քեզ պետք է : Թատրոնում, եթե բեմադրությունը լավ չեղավ, արդյունքի չես հասնի: Իսկ թե ինչ կնկարահանեմ ապագայում, արդեն մտածել եմ: Հայտը ներկայացրել եմ ֆինանսավորման համար: Կարճամետրաժ ֆիլմ պետք է լինի, որովհետև այդ գումարով չես կարող լիամետրաժ ֆիլմ նկարել:

Ի՞նչ ժանրի ֆիլմեր եք նկարելու: 
-Ժանրային ուղվածություն չունեմ, որովհետև շատ հանգիստ թեթև ժանրից կարող եմ ավելի ծանր ժանրի անցնել, հոգեբանականից՝ կոմիկական իրավիճակի անցնել: Զուսպ կոմեդիայի և դրամայի կողմնակից եմ: 

Ռեժիսորներին հե՞շտ է ձեզ հետ աշխատելը:
-Հեշտ աշխատելը շատ հեշտ է, սակայն կուզեմ ռեժիսորն ինձանից խելացի լինի: Ես ուզում եմ, որ ինձ հիպնոզի ենթարկի, որպեսզի ես ամեն ինչ անեմ իր համար: 

gagikmadoyan2

Կա՞ դեր, որը կտրականպես չեք խաղա:
-Կան կերպարներ, որոնք ես չեմ խաղա, մի պարզ պատճառով, որ չեմ կարող այդ տեսակ մարդուն մարմնավորել, օրինակ՝ հիվանդությունների հետ կապված դերեր չեմ խաղա: 

Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:
-Իմ երկրում տիրող իրավիճակն ինձ բարկացնում է: 

Իսկ ո՞ր երկրում կցանկանայիք ապրել: 
-Եթե անգամ ես սոված մնամ այս երկրում, ես այս երկրից ոչ մի տեղ չեմ գնա: Վերջին մարդը ես կլինեմ, որ լույսը կանջատի ու կհեռանա այս երկրից: 

Ձեր բնավորության ամենավատ գիծը: 
-Ես սիրում եմ վիճաբանել, և շատ տաքարյուն եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել