Աշոտ Մանուչարյան. «Ռուսաստանը լրջագույն պատերազմի մեջ է մտել. կամ հաղթելու ենք, կամ մարդկությունն այլևս ապագա չունի»:
Փաստորեն, Աշոտ Մանուչարյանը արդեն բաց տեքստով նույնացնում է իրեն Ռուսաստանի հետ: Չգիտեմ՝ որքանով է իր ազդեցությունը հերիքելու Հայաստանին եւս ներքաշել Արեւմուտքի դեմ Կրեմլի արշավանքի մեջ, սակայն սա արդեն վտանգավոր վարք է եւ շատ վտանգավոր խաղ: Սա «Государство - это я»-ն չէ արդեն, համենայն դեպս, ոչ հայկական պետությունը: Սա անգամ «Галантерейщик и кардинал - это сила! Я спасу тебя Франция»-ն էլ չէ... Սա ասում է մի մարդ, ով տիրապետում է Հայաստանի Հանրապետության կարեւորագույն պետական գաղտնիքներին, եղել է ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծող խորհրդականը:
Դեռ մի քանի տարի առաջ այս մարդը, ով հայտնի է որպես արծաթամերժ ու գաղափարական անձնավորություն, համոզում էր իր շրջապատին, որ Հայաստանում Արեւմուտք-Ռուսաստան հավասարակշռության ջատագովն է, քանի որ դրանում էր տեսնում մեր երկրի ինքնիշխանության պաշտպանությունը եւ երբ անխնա քննադատության էր ենթարկում Արեւմուտքին՝ զուգահեռաբար չէր մոռանում նշել, որ ԱՄՆ-ը այստեղ անթույլատրելի մեծ ազդեցություն է ստացել եւ ինքը՝ Մանուչարյանը փորձում է ուղղել խախտված հավասարակշռությունը: Կարելի էր համաձայնել կամ ոչ իր գնահատականների հետ, օրինակ, ԱԺ-ում տիրող արտաքին քաղաքական առաջնայնությունների հանդեպ նախապատվությունների մասով: Սակայն չհամաձայնելով նրա հետ՝ կարելի էր հարգել նրա մոտեցումը: Եւ սեպտեմբերի 3-ից հետո ինձ թվում էր, որ ահա այս արծաթամերժ ու գաղափարական (ուրեմն եւ սկզբունքային) մարդը պետք է սկսի հիմա էլ թիրախավորել Ռուսաստանին, քանի որ ակնհայտ դարձավ որ ոչ միայն գրեթե ամբողջ քաղաքական դաշտն է Կրեմլի ազդեցության տակ, այլ որ Հայաստանը սրընթացորեն կորցնում է իր ինքնիշխանությունը՝ մտնելով վերազգային կառավարման կառույցներ նախատեսող Մաքսային միության մեջ, ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ կատարված լրացումներով արդեն կորցրել էր իր սեփական տարածքները ռազմական առումով տնօրինելու ինքնիշխանությունը եւ շուտով նաեւ կլանվելու է միասնական դրամային գոտում՝ ալթըն-ով կամ ռուբլով: Եւ որ այնժամ ոչ մի «բալանս» մեզ չի փրկի եւ ոչ ոք կոտրած գրոշ չի տա մեր ազգային շահերի համար՝ ազատագրված տարածքներում, որոնց հաշվին Կրեմլը վաղ թե ուշ սկսելու է առեւտուր անել Ալիեւի հետ՝ նաեւ Ադրբեջանը կլանելու նպատակով: Սակայն ոչ՝ պարոն Մանուչարյանը ոչ միայն չի փոխել իր հարվածների թիրախը, այլ ավելի է ուժգնացրել իր քննադատությունը Արեւմուտքի հանդեպ, այն էլ Կրեմլի դիրքերից՝ նույնացնելով ինքն իրեն Ռուսաստանի հետ: Պարզվեց, որ «բալանսի» մասին իր տեսությունը ընդամենը բլեֆ էր դյուրահավատների համար: Իրականում նրան հետաքրքրում է միայն համաշխարհային մի նոր «պրոլետարական» հեղափոխությունը, որտեղ սակայն «մերոնքը» ոչ թե բանվոր-գյուղացիական դասակարգն է, այլ Կրեմլյան օլիգարխիան ու եթե վերջինը չհաղթի Արեւմուտքին, մարդկությունը, հավանաբար կրկին ի դեմս պարոն Մանուչարյանի ու Ռուսաստանի ապագա չունի: Եւ թքած, որ «համաշխարհային հեղափոխությունը» հանուն իր հաղթանակների վերստին զոհաբերելու է հայ ազգային շահերը, ինչպես դա արդեն տեղի ունեցավ նախորդ դարասկզբին. հիրավի իսկական «գաղափարի նվիրյալներին» նման «մանրուքները» չպետք է հուզեն. «лес рубят - щепки летят»: Ով մաֆիա է խաղացել՝ գիտի, թե երբ են սեւերը բացվում եւ բաց խաղում. երբ իրենց թվում է, որ արդեն հաղթել են: Հուսանք, որ իրենց դա միայն թվում է:
Կից նյութը` այստեղ: