Aravot.am-ը գրում է.
Հայաստանում ընդդիմադիր լինելը ոչ հերոսություն է, ոչ էլ հանցագործություն: Այդպես է արդեն երեք տարի՝ այն բանից հետո, երբ 2011 թվականի գարնանը ազատ են արձակվել քաղբանտարկյալները:
Այսօր ընդդիմադիրները մեր երկրում ունեն իրենց բիզնեսները (երբեմն խոշոր), իրենց հեռուստաալիքները, կայքերը, թերթերը, որտեղ անկաշկանդ ձեւով արտահայտում են իրենց տեսակետը: Դա նորմալ, քաղաքակիրթ երկրներին հատուկ երեւույթ է՝ ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի, որտեղ երկրի բարձրագույն իշխանությունը արգելեց «Թվիթերը», որի փոխնախագահը, ի դեպ, երեկ հանդիպեց Հայաստանի նախագահի հետ:
Ոմանք կարծում են, որ դա իշխանության թուլության դրսեւորում է: Չգիտեմ, գուցեեւ այդպես է: Բայց անձամբ ես գերադասում եմ այդպիսի «թուլություն», քան «ուժի» եւ «կամային հատկությունների» դրսեւորում, ինչպես, օրինակ, 2006 թվականին, երբ ՕԵԿ-ն անցավ ընդդիմություն, եւ այդ խմբակցության գործարար պատգամավորներին հաջորդ իսկ օրը ստիպեցին դուրս գալ խմբակցությունից եւ կուսակցությունից՝ «բիզնեսը ջարդելու» սպառնալիքի տակ:
Իհարկե, այդ դրական փոփոխությունը չի կարելի բացատրել միայն իշխանության բարի կամքով՝ հասարակությունը, քաղաքական ուժերը վերջին 6-7 տարում դարձել են ավելի հասուն, արտաքին քաղաքական գործոններն էլ են փոխվել: Սակայն եթե վաղը նորից իշխանության գա «կամային հատկություններով» մեկը, որը կառաջնորդվի իր կամակորություններով եւ քինախնդրությամբ, ընդդիմադիրները (ովքեր էլ լինեն), հասարակական ակտիվիստները կզարմանան կամ գուցե նույնիսկ կընդվզեն, թե ինչու է այսօրվա իրավիճակից հետքայլ կատարվել:
Եվ քանի որ ընդդիմադիր դրսեւորումն այլեւս խիզախության նշան չէ, դա նաեւ ավելի լավը, ավելի բարին, ավելի «ազգայինը» լինելու նշան չէ: Դա ընդամենը նշանակում է, որ տվյալ կուսակցությունը կամ անհատը երկրի զարգացման վերաբերյալ ունի իշխանությունից տարբեր պատկերացումներ եւ վստահ է, որ համապատասխան լծակներ ունենալով՝ երկիրը կտանի ճիշտ ուղղությամբ: Անձնական թշնամանքի, շանտաժելու, իրար մեղքեր հիշեցնելու ՀՀՇ-ԱԺՄ-ական ոճը կամաց-կամաց անցնում է պատմության գիրկը:
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը շատ ճիշտ վարվեցին, որ չմտան կոալիցիա, որն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որեւէ ուժ ունի հարաբերական մեծամասնություն, եւ անհրաժեշտություն է առաջանում այլ կուսակցությունների հետ բանակցելու:
Այնտեղ, որտեղ կա մի ուժի բացարձակ մեծամասնություն, կոալիցիան անիմաստ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



