Հարց 

Տղաս 4 տարեկան է, վերջերս նրա մոտ նկատել եմ մանկական ձեռնաշարժություն, նա անընդհատ խաղում է անդամի հետ: Խնդրում եմ՝ խորհուրդ տվեք, թե ինչպես կանխեմ այդ խնդիրը:

Պատասխան

Այդ տարիքի երեխաներին բնորոշ է գերհետաքրքրությունը սեփական մարմնի, մասնավորպես սեռական օրգանների նկատմամբ: Հաճախ մայրը կարող է նկատել, որ մերկ վիճակում, օրինակ՝ լողացնելու ժամանակ կամ տակդիրը (pampers) փոխելիս մանկիկը շոշափում է իրեն: Զարգացման այս շրջանում երեխան չունի ամոթի զգացում, և ծնողների հանդարտ վերաբերմունքն է, որ ընդունելի է դարձնում վարքի այս կամ այն դրսևորումը: Ծնողները չպետք է բարկանան կամ ամաչեցնեն երեխային, երբ վերջինս հետաքրքրված է իր մարմնով: Սեփական մարմնի հանդեպ երեխայի հետաքրքրասիրությունը միանգամայն առողջ և բնական երևույթ է: Ծնողների վերաբերմունքը այս պարագայում պետք է լինի այնպես, կարծես թե ինքը ոչինչ չի նկատում: Իսկ եթե ինքնազննումը սևեռված բնույթ է կրում, անհրաժեշտ է երեխայի ուշադրությունը շեղել իրեն հետաքրքրող զբաղմունքով: Ծնողը ոչ մի դեպքում իր վերաբերմունքով չպետք է ավելորդ ուշադրություն հրավիրի ինքնազննման վրա: Հաճախ վաղ մանկական տարիքում երեխան զբաղվում է ձեռնաշարժությամբ: Սեռական այս դրսևորումը պետք է անհանգստացնի ծնողներին միայն այն դեպքերում, երբ ձեռնաշարժությունը դուրս է մղում բոլոր այլ տեսակի մանկական ակտիվությունները` դառնալով միակ և հիմնական զբաղմունքը օրվա ընթացքում:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի  կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել