Ապրիլի 10-ին և 11-ին Կիևում տեղի է ունեցել Անվտանգության հարցերով համաժողով, որին մասնակցեցի և ներկայացրեցի մեր տեսակետը տարածաշրջանային զարգացման վերաբերյալ: Առիթն օգտագործելով` նաև այցելեցի Մայդան ու հանդիպեցի մեր հայրենակիցներին, ովքեր, ինչպես և այլ ազգերի Ուկրայինայի քաղաքացիները, ունեն տեղադրած հայկական վրան: Ոգևորությունը մեծ է, երբ տեսնում ես հայրենակիցներին, որոնք պայքարում են իրենց իրավունքների ու համոզմունքների համար: Երկար չստացվեց զրուցել, բայց երկու խնդիր իմ համար ընդգծեցի:
Առաջին. մայդանի մեր հայկական մասնակիցների ճնշող մեծամասնությունն ունի մեր երկրի անկախության պայքարի մասնակցության անցյալ՝ կամ Հայաստանի սահմանները պաշպանելիս, կամ Ղարաբաղյան ճակատում: Մայդանում կանգնած հայերի մեծ մասը 94-ից ի վեր, իրենց սոցիալական պայմաներից ելնելով, մեկնել են Ուկրաինա ու այնտեղ աշխատանք գտել, նաև քաղաքացիություն ստացել: Դրա համար էլ իրենց պարտքն են համարում այնտեղի պայքարն համարել իրենց պայքարը:
Երկրորդը. Հայաստանը կարող է ակտիվորեն գործակցել տարբեր երկրների հայկական համայնքների ինքնակազմակերպման մեխանիզմների հետ: Այս մեխանիզմները ոչ միայն հոյակապ գործ են անում հայապահպանության առումով, այլև կարող են Հայաստանի շահերը պաշտպանելու հարցում լրջորեն լրացնել մեր դիվանագիտության ջանքերը: Վստահ եմ, որ աշխարհում ամեն հայ սիրում է Հայաստանը, և երբեք չի վնասի իր հայրենիքին: Իսկ մեր խնդիրն է օգնել՝ նման ինսիտուտները կայանան և ավելի ակտիվ աշխատել նրանց հետ հայապահպանության, համայնքի խնդիրների լուծման և, ինչու չէ, նաև Հայաստանի ու հայության շահերի առաջ մղման հարցերում:
Եվ վերջում կցանկանայի նշել, որ Հայաստանը, ինչպես սիրում ենք ասել, բոլոր հայերի տունն է: Դա այդպես պետք է լինի: Մենք պետք է այդպիսի Հայաստան կառուցենք: Իսկ դա հնարավոր է միայն համատեղ աշխատանքով, բոլորիս ջանքերով: Վստահ եմ, որ այդ դեպքում մեր շատ հայրենակիցներ կրկին կվերադառնան ու իրենց պայքարով ու աշխատանքով կդառնան հայրենիքի ամուր մասը:
Մեր միասնական լինելը պետք է այլևս ապացուցենք նաև մեր ներկայությամբ Սիրիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում կամ Ամերիկայում: Բոլորի հետ, ու բոլորի կողքին լինելով ու շատերին վերադարձնելով: Որպեսզի, ինչպես Համո Սահյանն էր ասում «ինձ բացակա չդնեք», բոլոր հայերը միշտ ու ամենուր կարողանան ասել՝ մեզ բոլորիս՝ հայրենիքից բացակա չդնեք: