Այս օրը կարող է բեկումնային լինել Ուկրաինական ճգնաժամի համար: Քիչ անց Ժնևում տեղի է ունենալու քառակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների միջև, որի ժամանակ կողմերը պետք է լուծումներ գտնեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Քննարկման թեման հիմնականում վերաբերելու է Ուկրաինայի հարավային և արևելյան շրջաններում լարվածության թուլացմանն ուղղված հնարավոր քայլերի ձեռնարկումը: Ընդամենը մի քանի օր առաջ մի շարք փորձագետներ թերահավատորեն էին մոտենում այդ հանդիպման կայացման հնարավորություններին: Այժմ, սակայն, պարզ է դարձել, որ բոլոր կողմերը, անկախ ամեն ինչից, տվել են իրենց համաձայնությունը մասնակցելու այդ հանդիպմանը:
Կարծում եմ՝ այսօր Ռուսաստանը կրկին բարձրացնելու է Ուկրաինայի դաշնայնացման, ինչպես նաև հետագայում այդ երկրի չեզոքության հարցը, ասել է թե, որևէ ռազմական, ռազմա-քաղաքական դաշինքին չանդամակցության հարցը: Սրան մշտապես դեմ են արտահայտվել Կիևում, սակայն, հարկ է նշել, որ պաշտոնապես ո՛չ Վաշինգտոնից, ո´չ էլ Բրյուսելից կարծես հստակ պատասխան կամ էլ վերաբերմունք մինչ այժմ չի ցուցաբերվել: Այնպես որ, այդ առումով հետաքրքիր կլինի լսել Արևմուտքի մոտեցումն այս հարցերի վերաբերյալ: Մյուս կողմից հայտնի չէ, թե, օրինակ, ԱՄՆ պետքարտուղարն ինչ առաջարկներով է մասնակցելու այդ հանդիպմանը: Մինչ օրս ԱՄՆ-ն, բացի Ռուսաստանին քննադատելուց և Կիևին բարոյական աջակցություն ցուցաբերելուց, ոչ մի հստակ ծրագիր խնդրի կարգավորման համար չի առաջարկել, համենայն դեպս ուղղակիորեն: Ասում եմ ուղղակիորեն, քանի որ անուղղակիորեն հակամարտության թեժացման պահից ի վեր մենք լսում ենք ԱՄՆ նախկին հեղինակավոր պաշտոնյաների կարծիքներն ու առաջարկները տվյալ խնդրի վերաբերյալ: Դժվար է պնդել, որ սրանք պաշտոնական Վաշինգտոնի կողմից կազմակերպված ուղերձներ էին Մոսկվային և աշխարհին, բայց, այնուամենայնիվ, դա բացառել ևս պետք չէ:
Ի դեպ, այդ մարդկանց թվում էին, օրինակ, Զբիգնյև Բժեժինսկին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի խորհրդականը՝ ազգային անվտանգության հարցերով, ինչպես նաև աշխարհահռչակ դիվանագետ, տեսաբան, ամերիկացի պետական գործիչ Հենրի Քիսինջերը: Շատ չխորանանք բոլոր այդ մարդկանց կարծիքների կամ էլ առաջարկների մեջ, սակայն ցանկանում եմ առանձնացնել, օրինակ, Քիսինջերին, ում մոտեցումները մեծամասամբ համընկնում էին Ռուսաստանի տեսլականի հետ: Նա ևս կարևորել էր Ուկրաինայի՝ որպես չեզոք պետություն դառնալը:
Ինչևէ, մեծ հաշվով շատ հարցերի պատասխաններ, այնուամենայնիվ, մենք, թերևս, կստանանք այսօր՝ Ժնևում: Պարզապես պետք է հուսալ, որ ժնևյան այս բանակցությունները չեն նմանվի Սիրիական քաղաքացիական պատերազմի շուրջ հրավիրվող ժնևյան բանակցություններին, որոնք այդպես էլ ոչ մի արդյունքի չհանգեցրին: