Քիչ առաջ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարեց, որ մեկնարկել է «հակաահաբեկչական ռազմական գործողությունը` ազատագրելու համար Դոնեցկը»: Հիշեցնեմ, որ ընդամենը երեկ` ՄԱԿ-ի ավտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կոչ էր անում միջազգյաին հանրությանը ետ պահել Կիևին այս որոշումից, այլապես հասկացնել տվեց, որ Ռուսաստանը հակառակ դեպքում կարող է և ներխուժել Ուկրաինա: Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա Չուրկինը հայտարարել էր, որ «Ռուսաստանը հաստատ ձեռքերը ծալած չի նստի և հետևի, թե ինչպես են Ուկրիանայում «անօրինական իշխանությունները ուժ կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ»:
Այնպես որ, հաշվի առնելով այդ հայտարարությունը, ինչպես նաև Տուրչինովի հայտարարությունից հետո այլևս նոր հանգամանքներն Ուկրաինայում, կարելի է ասել, որ իրավիճակը, մեղմ ասած, պայթյունավտանգ է: Տուրչինովն ասել է, թե իբր «այդ հատուկ գործողությունը կատարվելու է փուլ առ փուլ, հավասարակշռված և պատասխանատու կերպով: Նրա խոսքերով դրա հիմնական նպատակը լինելու է մարդկանց պաշտպանությունը»: Բայց Ռուսաստանն էլ սա ներկայացնում է որպես «ագրեսիա, հանցագործություն տեղի բնակչության նկատմամբ», ասել է թե, այդ մարդիկ ոչ թե Կիևի կողմից պաշտպանության, այլ աջակցության կարիք ունեն: Աջակցություն, որը ենթադրում է տեղի բնակչության իրավունքների, այլ ոչ թե ֆիզիկական պաշտպանություն:
Կարճ ասած՝ իրավիճակն այնպիսին է, որ ամեն րոպե Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա` «պաշտպանլու արևելյան շրջանների բնակիչներին»: Ուշադրություն դարձրեք, որ ես չակերտների մեջ եմ առնում թե´ Կիևի ղեկավարության, թե´ ռուս գործիչների հայտարարություններն ու որակումները, քանի որ, անկեղծ ասած, մարդ այլևս չի հասկանում, թե ում հավատալ ընթացող տեղեկատվական պատերազմի պայմաններում: Անկախ ամեն ինչից, սակայն, ով է ճիշտ, կամ էլ սխալ, փաստն այն է, որ ճգնաժամն արդեն վերածվում է ակտիվ պատերազմի, որի հետևանքները կարող են առնվազն անդրադառնալ ամբողջ տարածաշրջանի վրա: