Ավստրիական ոստիկանության տվյալներով՝ երկու դեռահաս աղջիկ հեռացել են երկրից՝ Սիրիայում գործող վարչակարգի դեմ հանդես եկող արտասահմանցի զինյալների խմբերին միանալու նպատակով:
Ոստիկանության հաղորդմամբ՝ 15 և 16 տարեկան աղջիկները հրաժեշտի միանման նամակներ են թողել, որոնցում պատմել են Սիրիա մեկնելու և պատերազմին մասնակցելու իրենց նպատակների մասին. ներկայում աղջիկների որոնման համար միջազգային հետախուզում է հայտարարվել: 
Նրանք երկուսն էլ սերում են Ավստրիայում հաստատված բոսնիացի ներգաղթյալների ընտանիքներից. ծնողներն աղջիկների անհետացման մասին հաղորդել են անցյալ շաբաթ:
Ոստիկանությունը հասցրել է պարզել, որ «դեռահաս ջիհադականները» մեկնել են Թուրքիայի Ադանա քաղաք՝ այնտեղից Հալեպ հասնելու համար, մինչդեռ, Ադանայից նրանց հետքերը կորել են:
Այսօրինակ լուրերը ևս մեկ անգամ փաստում են «արաբական գարնանից» հետո և հատկապես սիրիական ճգնաժամի ազդեցությամբ իսլամական արմատական գաղափարների վերելքի և հատկապես երիտասարդների շրջանում լայնորեն տարածման իրողությունների մասին ամբողջ աշխարհի մասշտաբով, ինչի աղետաբեր հետևանքները երկար չեն սպասեցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել