Լուսանկարիչ Ստանիսլավ Պուչովսկին՝ հայտնի նաև իբրև Սին Արչեր, բազմաթիվ սքանչելի դիմանկարների հեղինակ է: Նա հիմնականում աշխատում է պրոֆեսիոնալ մոդելների հետ: Նրա մասին ավելին իմանալու համար կարող եք ընթերցել ստորև ներկայացվող հարցազրույցը:

Stanislav Puchkovsky - Incredible Portrait Photographer from Russia- Մի քանի խոսքով պատմեք Ձեր մասին:

-Ես Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքից եմ: Իմ իսկական անունը Ստանիսլավ Պուչովսկի է, սակայն ես հանդես եմ գալիս Սին Արչեր մականվամբ: Լուսանկարչական գործունեությամբ սկսել եմ զբաղվել 2012 թ.-ին: Սկզբնական շրջանում ես միայն իմ ընկերներին էի լուսանկարում:  

- Ո՞րն է գեղեցիկ դիմանկարներ նկարելու գաղտնիքը:

- Իմ գրեթե բոլոր լուսանկարներում ես բնական լուսավորություն եմ օգտագործում: Սովորաբար ես ֆոտոսեսիաներն անցկացնում եմ իմ բնակարանում, իսկ լույսը ներթափանցում է պատուհանից: Այդ լուսավորությունը կատարյալ է դիմանկարներ լուսանկարելու համար: Ես միշտ իմպրովիզացիա եմ անում: Լուսանկարում եմ բազմաթիվ մարդկանց, որոնց նախկինում երբեք չեմ տեսել, և ես երբեք չեմ նեղվում դրանից:

- Մի փոքր պատմե՛ք լուսանկարների վերամշակման գործընթացի մասին:

- Ես հիմնականում փորձարկումներ եմ անում լույսի ու գույների հետ: Երբեմն սովորականից ավելի շատ աշխատանք է պահանջվում լավ արդյունքի հասնելու համար: Ես երբեք չգիտեմ, թե ինչ ակնկալել. աշխատանքս ամբողջովին իմպրովիզացիայի վրա է հիմնված: Ես, իհարկե, ռետուշում եմ լուսանկարները, հեռացնում բծերը և մաշկի պրոբլեմային հատվածները: Շատ կարևոր է մաշկը պայծառ, բայցև բնական պատկերել լուսանկարներում:

- Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեք:

- Երկու տարի լուսանկարչությամբ զբաղվելուց հետո այն ինձ համար ոչ թե սոսկ հոբբի էր, այլ աշխատանք: Ես ուրախ եմ դրա համար: Ներկայումս ես երազում եմ հիմնել իմ սեփական լուսանկարչական ստուդիան:

- Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ սկսնակ լուսանկարիչներին:  

- Սկզբնական շրջանում ես ոչինչ չգիտեի լուսանկարչության մասին: Այն բոլոր գիտելիքները, որ հիմա ունեմ, ձեռք եմ բերել իմ անձնական փորձի միջոցով: Խորհուրդ կտամ չսպասել կատարյալ եղանակի, մոդելի կամ ավելի լավ ֆոտոխցիկի: Պարզապես օգտագործե՛ք լուսանկարչությամբ զբաղվելու ցանկացած հնարավորություն:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել