GalaTV.am-ը գրում է.
Գյումրիում տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի բացման արարողությունը: Ինչպես հայտնի է, այս տարի փառատոնին իրենց մասնակցությունն են բերել շուրջ 33 երկրների ներկայացուցիչներ: Այս միջոցառմանը սպասում էին նաեւ ՀՀ առաջին Տիկին Ռիտա Սարգսյանին, սակայն նա ներկա չէր: Իրենց մասնակցությունն են բերել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաեւ «Վերածնունդ» փառատոնի համանախագահ, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը:
Փառատոնի պաշտոնական բացման իրավունքը տրվել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Նա իր ելույթում կարեւորել է մշակութային նմանատիպ միջոցառումների անցկացումը Գյումրիում ու նշել, որ քաղաքը շարունակում է պահպանել մշակութային մայրաքաղաքի տիտղոսը, ինչը շատ գովելի է: Այնուհետեւ Ֆելիքս Ցոլակյանը մարզպետարանի հուշամեդալով պարգեւատրեց «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին, ինչպես հայտարարվեց, Շիրակի մարզում ունեցած իր մեծ ներդրման ու ավանդի, ինչպես նաեւ՝ բեղմնավոր գործունեության համար: Սակայն դահլիճում ներկա գտնվողներին զարմացրեց այն, որ հուշամեդալակիրը շատ արագ ստացավ մարզպետի պարգեւն ու արագ հեռացավ բեմահարթակից՝ առանց պատասխան խոսքի:



