Երկու տարի առաջ, այս օրերին, խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկեց: Մեկնում էինք համայնքներ, հանդիպում բնակիչներին, ծրագրեր քննարկում: Ես, որպես թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով թեկնածու, որոշել էի տարբերվող քարոզարշավ անել. նախընտրական ծրագրի փոխարեն ներկայացնում էի օրենքի գրեթե պատրաստի նախագծեր, կետ առ կետ բացատրում դրանք առավել հասանելի բառապաշարով և նշում, որ պատգամավոր ընտրվելու դեպքում ինձնից կարող եք ակնկալել բացառապես օրենսդրական նախաձեռնություններ, պայքար իրավունքների համար և օրինախախտումների դեմ, ինչպես նաև հասանելիություն բնակչության համար:
Գյուղերից մեկում մի տատիկ, լսելով իմ օրենսդրական նախաձեռնությունների մասին, գլուխը տմտմբացրեց և ասաց` լավ-վատ մի բոնբոներկա ենք ձրի ստանում, էդ էլ սա ա ուզում կտրի (նկատի ուներ իմ մրցակիցների կողմից բաժանվող «քաղցր» ընտրակաշառքը)...
Երկու տարի է անցել այդ օրերից, և բոնբոներկայի ձևավորած խորհրդարանը ցույց տվեց իր «գեղի կլուբի» կարգավիճակը: Պատմության ընթացքում ամենախայտառակ օրինագծերը դակվեցին հենց այս խորհրդարանում, կոճակի դեր կատարող անորոշ գոյացությունները փոշիացրեցին մեր երկրի անկախությունը: Ինտիլիգենցիայի և տառաճանաչ մարդկանց գրեթե իսպառ բացակայությունը խորհրդարանում պարարտ հող նախապատրաստեց մեր անկախությունը կոպեկներով վաճառելու, ներքին և արտաքին մարտահրավերներում թուլանալու և հաճույք ստանալու և երկիրը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն դարձնելու գործում: Ուղղակի ողբալի է տեսնել, թե ինչպես են պատգամավորները բոնբոներկայի դեմք ընդունած քվեարկում Հայաստանը հայերի համար վարձակալական հիմունքներով աշխարհագրական տարածության վերածելու օրինագծերին...
Օրեր առաջ թիվ 40 ընտրատարածքում էի, որտեղ հաճախակի եմ լինում: Սահմանամերձ այս տարածաշրջանը վաղուց արդեն օրենսդրական նախաձեռնություններով փրկելու, ես կասեի վիրահատական միջամտության կարիք ունի: Սակայն, ցավոք, պառլամենտարիզմի հետքերն այնտեղ արդեն վերացել են և դարդուցավի համար դիմելու միակ օղակը դարձել է «քյոխվայի» ինստիտուտը: Անգամ համայնքապետերը «վերևներին» դիմելու, օրենսդրական առաջարկություններ հնչեցնելու որևէ օղակ չունեն և ինձ ողողել են մի քանի ծրարներով, որպեսզի մամուլի միջոցով հասանելի դարձնեմ իրենց մեծ ու փոքր խնդիրները իշխանություններին: Դա այն դեպքում, որ տարածքում կա պատգամավոր, որը, փառք Աստծո, ողջ և առողջ է (ամենակարող Աստված թող հարատև առողջություն պարգևի նրան):
Ցավոք, ընտրակաշառքով և բոնբոներկայամերձ շոշափելիքներով խորհրդարան գործուղվեցին մարդիկ, որոնք պետության այս կարևորագույն օղակը վերածեցին քաղաքական գերեզմանոցի: Երկրի խնդիրների նկատմամբ իրենց գերեզմանային լռությամբ խորհրդարանականները պարզապես քաղաքական տապանաքարի դեր են կատարում: Մինչդեռ արմատական փոփոխություններ, առանց խորհրդարանում մեծամասնություն կազմող որակյալ առաջնորդների, հնարավոր չէ: Վարչապետի փոփոխությունը միջանկյալ, ամորֆ լուծում է, իրական փոփոխությունների հասնելու համար օր առաջ հարկավոր է ցրել խորհրդարանը և թույլատրել պետական մտածողությամբ տարրերի մուտքը խորհրդարան, ովքեր համարձակություն կունենան, ելնելով լեգիտիմության աստիճանից, իրենց ուսերին կրել սպասվելիք այն ցավոտ բարեփոխումների պատասխանատվությունը, որը, ուզած թե չուզած, պետք է մեկնարկի առաջիկայում:
Քաղաքական առաջնորդների թիրախն առաջիկայում պետք է լինի խորհրդարանի լուծարումը: Հիշեք, որ կառավարությունները ձևավորվում են բացառապես խորհրդարանի քվեարկության արդյունքում: Այնպես որ երկրի վիճակի համար միայն վարչապետներին քավության նոխազ դարձնելը առնվազն զվարճալի է: Դա նույնն է, երբ ամուսինը սիրեկանին բռնեցնում է կնոջ գրկում և առաջինը սկսում է հարձակվել և ծեծել սիրեկանին: Ընդ որում, կարող է սիրեկանը լավ էլ բարեխիղճ է կատարում իր գործը, պարզապես կինն է անառակ...
Այնպես որ, ԱԺ լուծարումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ խնդիրը...