Ասում են՝ սիրիական հակակառավարական խմբավորումներից «ալ-Կաիդայի» հետ սերտ կապեր ունեցող «Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալները Քեսաբի շրջակայքում գերի են վերցրել ու անհայտ ուղղությամբ տարել իրանցի և ռուսաստանցի սպաների, ովքեր փորձում էին մասնագիտական աջակցություն ցուցաբերել ՍԱՀ բանակային ստորաբաժանումներին շրջանում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքում: 
Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ շրջանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը սկզբունքային նշանակություն ունի ինչպես ներսիրիական հակամարտ կողմերի, այնպես էլ նրանց արտաքին հովանավորների համար:
Ասվածն ապացուցվում է նաև մեկ այլ, դեռևս չճշգրտված տեղեկատվության միջոցով առ այն, որ հյուսիսից նոր, շեշտակի գրոհ է նախապատրաստվում արդեն Հալեպի վրա: Այսօր մի քանի հազար զինյալներ, հատելով թուրք-սիրիական սահմանը, ներխուժել են Արաբական Հանրապետության տարածք՝ աջակցելու Հալեպի հյուսիսում, հյուսիս-արևմուտքում, արևմուտքում և հարավ-արևմուտքում ակտիվացած ռազմական գործողություններին, որոնց հետևանքով կրկին քաղաքը հայտնվել է շրջափակման մեջ. դարձյալ փակվել է քաղաքը արտաքին աշխարհի հետ կապող Խանասեր ավանով անցնող ճանապարհը:
Դրան հավելած՝ դարձյալ մի շարք լրատվամիջոցներ միաժամանակ գրել են, որ սիրիական իշխանությունները քիմիական զենք են կիրառել Դամասկոսի Հարասթա շրջանում, որի հետևանքով զոհվել է առնվազն 5 հոգի, մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել է:
Միաժամանակ հայտնի է դարձել նաև ֆրանս-ամերիկյան նոր պայմանավորվածությունների մասին՝ սիրիական հիմնախնդիրը դարձյալ ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելու, ինչպես նաև խնդրին միջամտելու այլընտրանքային ուղիների՝ ընդհուպ մինչև արտաքին ռազմական միջամտության վերաբերյալ քննարկումների վերաբերյալ:
Թերևս, Սիրիայում և նրա շուրջ կրկին գործընթացների ակտիվացումը կշարունակվի և որոշակի հանգուցակետի կհասնի մինչև հուլիս ամիս: Դրա նպատակն է մինչև Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունները զգալիորեն թուլացնել այդ պաշտոնի համար կրկին առաջադրվել պատրաստվող Բաշար ալ-Ասադի դիրքերը և արդեն իսկ միակողմանիորեն ստիպել նրան՝ վերադառնալու ժնևյան ձևաչափին՝ լիազորությունները հանձնել ժամանակավոր կառավարությանը:
Այդ նպատակով «հակաասադյան կոալիցիայի» կողմից ներկայում միաժամանակ գործարկվում է մի քանի սցենար, իսկ թե դրանցից որ մեկին առավելություն կտրվի, ցույց կտան զարգացումները նախ երկրի ներսում, ինչպես նաև սիրիական վարչակարգի հատկապես արտատարածաշրջանային հովանավորների հնարավոր արձագանքները, որոնք դեռևս համարժեքորեն պատասխանելու հարցում ձեռնպահ են մնում՝ հավանաբար առավել կենտրոնացնելով իրենց ներուժն իրենց համար ավելի առանցքային հիմնախնդիրների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել