Ադրբեջանում մի քիչ ուշացումով, բայց, այնուամենայնիվ, անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ մարտի 23-ի թվիթերյան գրառմանը, որի միջոցով ամերիկացի դիվանագետը կարծիք էր հայտնել, թե Արցախյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Ադրբեջանի և Արցախի: Թերևս հիշում եք, թե սոցիալական ցանցերում հակամարտության բոլոր կողմերի շրջանում ինչ բուռն քննարկումներ տեղի ունեցան այս գրառման վերաբերյալ: Ինչևէ, Ադրբեջանի ԱԳՆ-ից այդպես էլ անդրադարձ չեղավ: Օրերս այս հարցին ի վերջո անդրադարձել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Արազ Ազիմովն ասել է, թե իբր Ջեյմս Ուորլիքը դեռ չի հասել այն մակարդակին, որ ինքը մեկնաբանի այդ մարդու կոդմից արտահայտած սխալ կարծիքը: Վերջինիս այնուհետև կրկնել է 20 տարվա վաղեմություն ունեցող ձայնագրությունը, թե իբր հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է և որ 30.000-անոց էթնիկ խումբը չի կարող հավակնություններ ունենալ այդ տարածքի նկատմամբ: Վերջինս այնուհետև խորհուրդ է տվել ամերիկացի դիվանագետին ավելի լավ ուսումնասիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստաթղթերը և նոր ներգրավվել քննարկման մեջ:
Գիտեք՝ ինչ, այն, որ Ադրբեջանի արտգործնախարարությունից նմանատիպ արձագանքը սպասելի էր, դա միանշանակ, բայց ինչո՞ւ են այս մարդիկ իրենց դիրքորոշումը հայտնելու զուգահեռ մշտապես խեղաթյուրում նաև բոլոր տարրական փաստերը: Եթե նրանք խոսեն միայն իրենց տարածքային ամբողջականությունից, դեռ հասկանալի է, բայց ինչո՞ւ են ասում, որ Արցախում 30.000 հայ է ապրել: Ախր ցանկացած վիճակագրություն ցույց է տալիս, որ Արցախում անկախացման ժամանակ բնակչությունը հասել է շուրջ 150.000-ի, որոնցից մոտ 77%-ը եղել են հայեր: Սա տարրական փաստ և հաշվարկ է, որի խեղաթյուրումը պարզապես խոսում է մեր հարևանների անլրջության մասին: Եկեք այսքանով սահմանափակվենք և չխորանանք հայտարարության մյուս մասի վրա, թե իբր ում միջև է հակամարտությունը կամ էլ մենք՝ հայերս, միջազգային իրավունքի շրջանակներում իրավունք ունեինք ինքնորոշվելու, թե՝ ոչ: Մենք բոլորս էլ դրա պատասխանը շատ լավ գիտենք:
Ինձ անչափ հետաքրքրում է վերջերս դրսևորովող Ադրբեջանի հանդուգն կեցվածքը միջազգային հարաբերություններում: Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանում կոպտորեն վիրավորում են համանախագահներին, կամ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն առհասարակ: Էլ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանի պաշտոնյաները վերջին շրջանում իրենց հանդգնորեն թույլ են տալիս աջ-ձախ բոլորին քննադատել: Քննադատում են ԵՄ-ին, եթե հանկարծ անդրադարձ է լինում իրենց երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերին, քննադատում են ԱՄՆ-ին, եթե պետդեպի ամենամյա զեկույցում ինչ-որ քննադատական տոնով բան է գրած լինում: Կարճ ասած՝ Ադրբեջանն իրեն զգում է գերտերության կագավիճակում և միջազգային քաղաքական հարցերին ոչ թե մոտենում է զգուշությամբ և դիվանագիտորեն, այլև բաց, բռի, կոպալ կեցվածքով:
Ադրբեջանում սա մեկնաբանում են որպես անկախ երկրի անկախ քաղաքականության դրսևորում, բայց ես ինքս սրան նայում եմ որպես անհեռատես, անխոհեմ քաղաքականություն: Վերադառնալով Ուորլիքի գրառմանը և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից դրան ուղղված պատասխանին՝ ցանկանում եմ ասել, որ նման կեցվածքի համար Ադրբեջանը դեռ պատասխան կտա ամերիկացիների, եթե ոչ հիմա, ապա հաստատ մոտ ապագայում: Ի վերջո, ի՞նչ ասել է, թե ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն «այնքան չկա», որ ադրբեջանցի պաշտոնյան իրեն պատասխանի: Ուորլիքն ամեն դեպքում միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող պաշտոնյա է, ով անմիջականորեն ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը Արցախյան հակամարտության լուծման ճանապարհին: Այնպես որ, կարծում եմ` Ադրբեջանում չպետք է կուրանան իրենց կարճաժամկետ ձեռքբերումներով, որոնք հիմնված են բացառապես երկրի ընդերքի շաhագործման վրա: Երկրի ընդերքը ժամանակավոր հնարավորություն է, այլ ոչ թե փողի և կարողության անսպառ աղբյուր: