Ուկրաինայի արևելքում ծայր առած ճգնաժամը կարող է լուծվել և խաղաղ ճանապարհով: Արսենի Յացենյուկի երեկ արած հայտարարությունը կարող է բեկումնային լինել ընդհանուր առմամբ ուկրաինական ճգնաժամի լուծման համար: Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ Գերագույն ռադան պետք է «Տեղական հանրաքվեների մասին» օրենք ընդունի և որ անհրաժեշտ է շրջաններին ավելի մեծ լիազորություններ փոխանցել: Սա վերջին շրջանում, թերևս, ամենակառուցողական մոտեցումն էր, որ մենք լսել ենք Կիևի կողմից: Սրան արդեն իսկ անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս մասնավորապես ասել է հետևյալը. «Ես հուսով եմ, որ Յացենյուկի խոստումն իրականություն կդառնա, և որ կլինի առաջին քայլը իրական և մեծ փոփոխությունների համար: Հանրաքվեների մասին օրենքը, ինչպես որ ես եմ հասկանում, դեռ պետք է մշակվի և ներկայացվի Գերագույն ռադային: Այնպես որ, այդ օրինագծում կարող են մտցվել սահմանափակումներ հանրաքվեների բովանդակության վերաբերյալ: Դրա համար մենք ասել ենք և շարունակում ենք պնդել, որ իրական սահմանադրական փոփոխությունները կարող են վերջ դնել Ուկրաինայում ծայր առած ճգնաժամին»:

Այժմ փորձագետները Յացենյուկի այս քայլը մեկնաբանում են տարբեր կողմերից: Ոմանք ասում են, թե իբր սա Ուկրաինայի իշխանությունների կողմից մարտավարական քայլ է և իրականում կապված չէ անկեղծ փոփոխություններ անելու պատրաստակամության հետ, իսկ ոմանք կարծում են, որ Կիևն իրոք այս քայլով և սրան հաջորդող քայլերով կգնա արևելյան շրջանների բնակիչներին ընդառաջ, ասել է թե, կգնա ընդառաջ Ռուսաստանի ծրագրին:

Դժվար է միանշանակ ասել, թե ինչ կհետևի Յացենյուկի այս քայլին, բայց ՌԴ արտգործնախարարի արձագանքից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն աչալրջորեն հետևելու է ամբողջ գործընթացին: Լավրովը շատ հստակ հասկացնել տվեց, որ անկախ նրանից, թե ինչքան ողջունելի է իրենց կողմից Յացենյուկի այս քայլը, իրենք նախ առայժմ թերահավատորեն են դրան մոտենում, և երկրորդ, եթե նույնիսկ Յացենյուկը պահպանի իր խոստումը, ապա դա կլինի «առաջին քայլը» ճգնաժամի լուծման ուղղությամբ և ոչ ավելին:

Հուսանք, որ Կիևն իրոք որոշել է գնալ փոխզիջման, և այսուհետ մենք ականատեսը կլինենք ճգնաժամի դեէսկալացիայի, այլ ոչ թե դրա էլ ավելի ուժգնացման: Արևելյան շրջաններին ընդառաջ գնալը, կարծում եմ՝ խոհեմ քաղաքական քայլ կլինի: Ի վերջո, ինչքան էլ Ուկրաինայում պնդեն, որ այդ երկիրն ունիտար է, փաստացի այդ երկիրն արհեստականորեն ձևավորված պետություն է, որի պահպանման համար կա՛մ անհրաժեշտ է բռնի ուժի կիրառում կենտրոնական իշխանությունների կողմից և շարունակական ուղղակի վերահսկողություն, որը «հարիր չէ» ժողովրդավարական երկրին, կա՛մ էլ անհրաժեշտ է դաշնայնացնել այն, որի միջոցով առանձին շրջանները մեծ հաշվով կկարողանան ապրել իրենց կյանքով և մեծ կախում չեն ունենա կենտրոնից:

Այնպես որ, եթե Ուկրաինան իրոք ուզում է պահպանել իր տարածքային ամբողջականությունը և վարել ինքնուրույն առնվազն տնտեսական քաղաքականություն, ապա պետք է հաշվի առնելլ բոլոր առկա օբյեկտիվ հանգամանքները, որոնք խոչընդոտում են դրան և փորձի համապատասխան լուծումներ առաջարկել:

Հույս ունեմ, որ Կիևը գնում է ճգնաժամի հարթման խաղաղ ճանապարով այլ ոչ թե իր գլխին ավելի մեծ փորձանք է բերում, քան Ղրիմի անջատումն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել