Գտնվելով Գերմանիայում և շփվելով իմ խնդիրն ունեցող մեր հայրենակիցների հետ՝ սարսափեցնող բաներ եմ իմանում:
Նախ սկսեմ մի հայ բժշկուհու խոսքերով, ով ասաց, որ նույնիսկ մահամերձ վիճակում իր ծնողին թույլ չէր տա գնալ իր համակուրսեցիներից շատերի մոտ բուժման:
Մի երկու օր առաջ իմացա ևս մեկ սխալ ախտորոշման մասին:
Երիտասարդին Երևանում ախտորոշել էին քաղցկեղ և մի քանի կուրս քիմիա են տվել:
Տղան եկել է այստեղ բուժումը շարունակելու նպատակով, իսկ ստուգումները ցույց են տվել, որ տղան նման խնդիր ընդհանրապես չի ունեցել: Եվ սա միակ դեպքը չէ, որ ես հանդիպում եմ:
Մեկ այլ դեպքում էլ կնոջ կուրծքն են ճառագայթով բուժել, իսկ այստեղ պարզվել է, որ սխալ կուրծքն են բուժել:
Քաղցկեղով Եվրոպա եկածների մեծամասնությունը եկել է, որովհետև Հայաստանում ստացած բուժումը տվել է զրո արդյունք: Կարելի է ասել, որ ավելի է խորացել խնդիրը: Շատ են նաև դեպքերը, որ մարդկանց հրաժարվում են բուժել, քանի որ արդեն ուշ է և անհնար է օգնել:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը կրկնապատկվել է:
Քաղցկեղով հիվանդների թիվը շատացել է նաև Սյունիքի մարզում՝ հանքերի շահագործման հարակից բնակավայրերում:
Այդ բնակավայրերում մարդիկ, չպատկերացնելով, որ քաղցկեղով հիվանդ կարող են լինել, ուշ են դիմում բժշկի և արդյունքում մահանում են: Չնայած դիմելուց էլ թերի բուժումը չի փրկի:
Ի՞նչ է սա, եթե ոչ ազգի բնաջնջման ծրագիր:
Պետք է ասեմ, որ Հայաստանում կան նաև շատ լավ և պրոֆեսիոնալ բժիշկներ: Ես այդպիսի բժիշկների շնորհիվ առողջական շատ խնդիրներ հաղթահարել եմ: Եվ այն, որ ես իմացա իմ խնդրի մասին և ժամանակին եկա բուժման` այդպիսի պրոֆեսիոնալ բժշկի շնորհիվ էր: Բայց նրանք անհատներ են և շատ փոքրամասնություն են կազմում: Լինում են դեպքեր, երբ նրանք էլ են լռում, երբեմն զիջում իրենց դիրքերը կամ նահանջում, քանի որ գործում են կործանարար բժշկական համակարգում, որտեղ առաջին տեղում միայն փողն է, այլ ոչ թե մարդու կյանքը:
Եվ չփորձեք ինձ հակառակը ապացուցել: Ես արդեն 13 տարի է՝ գործ ունեմ այդ համակարգի հետ, և հասցրել եմ շատ լավ ճանաչել, թե ինչպիսի բժշկական համակարգ ունենք մենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/662245180513507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել