Armtimes.com-ը գրում է.
Ռուսական նոր վիզային ռեժիմը հայ միգրանտների համար մեղմացնելու հարցով ձեւավորված հայ-ռուսական միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների կողմից նախօրեին Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը իրենից ներկայացնում է ճանապարհային մի քարտեզ, որով լուծում է տրվում ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների խնդիրներին:
Այս մասին մեզ հայտնեց ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը: Հիշեցնենք, որ նոր միգրացիոն օրենսդրության գործարկումից հետո բազմահազար հայեր կանգնեցին խնդիրների առաջ: Ճանապարհային քարտեզը նախանշում է հետեւյալ քայլերը. «Որպես առաջին քայլ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի գրանցման համար նախկինում ամրագրված 7 օրվա փոխարեն 30 օր: Երկրորդ քայլով ժամանակ կտրվի ռիսկային գոտում գտնվող ավելի քան 170 000 ՀՀ քաղաքացիներին, որոնք այս կամ այն կերպ խախտել են ՌԴ օրենսդրությունը, կանոնակարգել իրենց խնդիրները:
Երրորդ քայլով առաջիկայում կմշակվի եւ կստորագրվի միջկառավարական համաձայնագիր, որով ընդհանրապես կվերացվեն բոլոր տեսակի արգելքները ՀՀ քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների համար` կացության եւ աշխատանքի հետ կապված` որպես օրինակ ընդունելով ռուս-բելառուսական համաձայնագիրը: Եվ վերջապես չորրորդ` ՀՀ Մաքսային միությանը անդամակցությունից հետո, ընդհանրապես կվերանա որեւիցե բարդություն` համաձայն Մաքսային միությունում գործող միգրացիոն կանոնակարգերի»,- ներկայացվում է ԱԱԽ քարտուղարի խոսնակից մեզ ուղղված գրավոր պատասխանում: Միջգերատեսչական աշխատանքային խմբերը, ինչպես տեղեկացրեց Միսակյանը, կգործեն մինչեւ ճանապարհային քարտեզի լիարժեք կանոնակարգումը եւ անհրաժեշտության դեպքում կաջակցեն դժվարության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին: «Առաջիկա տասնօրյակում կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվություն եւ տվյալներ` «որտեղ կարող են մեզ դիմել մեր հայրենակիցները»,- ասաց Արթուր Միսակյանը:



